Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Ավագյանը պատրաստվում է ուսումն ավարտելուց հետո Հայաստանում հիմնել լաբորատորիա, որը կզբաղվի քաղցկեղի կանխարգելմամբ: «Արմենպրես»–ի հետ զրույցում երրորդ կուրսի ուսանողուհին նշեց, որ լաբորատորիայում հնարավոր կլինի հայտնաբերել հայկական պոպուլյացիայում այն գեները, որոնք կարող են հետագայում նպաստել քաղցկեղի առաջացմանը:
«Երբ հայտնաբերվեն այդ գեները, հետագա հետազոտություններից հետո կպարզվի, թե ինչպես կարելի է այդ գեները փոփոխել այն ձևով, որ արդեն արդյունքում ստացվի ոչ թե հիվանդ առանձնյակ կամ քաղցկեղի նախատրամադրվածություն ունեցող մարդ, այլ բուժվի այն»,- ասաց Հասմիկը:
Հասմիկ Ավագյանն իր ծրագիրը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամին, որպեսզի կրթաթոշակ ստանա Սինգապուրում իր ուսումը շարունակելու համար, որտեղից վերադառնալուց հետո էլ կսկսի աշխատել իր նպատակի շուրջ:
«Այնտեղ ֆինանսավորման մեծ մասը ստանում եմ Սինգապուրի կրթության նախարարությունից, արդեն երրորդ տարին նաև «Այբ» կրթական հիմնադրամից եմ ստանում կրթաթոշակ: Ակնկալում եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամից ևս կրթաթոշակ կստանամ ուսման հետ կապված ծախսերս հոգալու համար»:
Հասմիկի հետ զուգահեռ «Իմ քայլը» հիմնադրամին դիմել են նաև 111 աշակերտներ և ուսանողներ, ովքեր արդեն սովորում են կամ ընդունվել են առաջատար արտասահմանյան բուհեր: Այս տարի հիմնադրամն առաջին անգամ է կրթաթոշակների տրամադրման ծրագիր իրականացնում:
«Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը նշեց, որ կրթաթոշակային ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում մարդկային կապիտալն ու ներուժը և այն օգտագործել հանուն Հայաստանի կայուն տնտեսական զարգացման:
Ավելին՝ armenpress.am

















