Օրերս մեռած դատական համակարգի շուրջ հերթական սկանդալը բարձրացավ աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո։ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ ԲԴԽ նախագահ Ռ․ Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են․որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
Դրան հաջորդել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հանցագործության մասին դատախազություն հաղորդում ներկայացնելը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ:
Առհասարակ՝ խոսույթի ձևի և բովանդակության մեջ սահմանաբաժան դնելն առաջին հերթին անհրաժեշտ են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում նպատակների սահմանման համար։ Եթե նպատակը դատական համակարգը նախկին արատավոր բարքերից մաքրելն է, ապա միանշանակ է, որ Ջհանգիրյանի նկատմամբ գործ հարուցելն այդ հարցը չի լուծելու. ասվածն ամենևին չի նշանակում, որ Ջհանգիրյանի ձևակերպումները, կամ դրանցից ենթադրելի դիրքորոշումը կարելի է ընդունելի համարել, բայց մի բան ակնհայտ է՝ ձայնագրությունը ստեղծել է անհավասար պայմաններ՝ մասնակիցների համար, քանի որ նրանցից մեկը տեղյակ է ձայնագրվելու մասին, իսկ մյուսը՝ ոչ․ իսկ ընդհանուր առմամբ՝ խոսակցությունը ձայնագրելու նպատակը մեկն է՝ չեզոքացնել Ջհանգիրյանին, քանի որ հասկանալի է, որ նրա ներկայությամբ դատական համակարգի հնաբնակներն աստիճանաբար ստիպված են լինելու կտրել իրենց կապը նախկինների հետ։
Ջհանգիրյանի նկատմամբ գործ հարուցելու պահանջը երկակի ստանդարտների մեջ համակարգային փոփոխություն իմիտացնելու, կամ որ ավելի վատ է՝ դատական համակարգի առողջացման համար հենց այդ համակարգն առողջացնելու նպատակով ԲԴԽ գործուղված ներկայացուցչին չեզոքացնելուն աջակցելու՝ գուցեև ակամա քայլ է։ Այն, որ Ջհանգիրյանի շատ ձևակերպումներ գլոբալ, կառուցվածքային և արդարադատական համակարգի ներքին մշակույթի և մտածողության երանելի մակարդակից հեռու են՝ սա փաստ է, բայց պետք չէ որակումներում և իրավական համակարգի «պաշտպանության» պատրվակով «վարկանիշային» քայլերի գնալ՝ ձևացնելով, թե գործ ունենք անկախ կամ կայացած դատական համակարգի հետ։
Ջհանգիրյանի ձևակերպումներն անընդունելի են, բայց դրանց իրավական գնահատական տալու հասունություն ունեցող դատական համակարգը դեռևս երազանք է մեր իրականության համար։ Կատարվածը որակելու համար պարտավոր ենք ելնել ոչ թե երազանքներից, այլ առկա փաստական իրավիճակից: Իսկ փաստացի՝ ունենք հետևյալը՝ արձանագրված միջադեպի արդյունքում Հայաստանի դատական համակարգը ազատվեց ամենաարատավորված դատավորներից մեկից՝ Ռուբեն Վարդազարյանից, ում ուղիղ հանձնարարությամբ ոտնահարվել են հազարավորների իրավունքները։
Պետք չէ նաև մոռանալ, որ առաջիկայում չափազանց կարևոր գործընթացներ են սպասվում՝ այդ թվում ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված մարմինների ստեղծման և դրանց իրավական գործընթացների մասով, որոնց մեջ ԲԴԽ-ն կարևոր դերակատարում է ունենալու․ իսկ դա կարևորագույն առաքելություններից մեկն է, որի համար ԲԴԽ գործուղված դատավորներից մեկն էլ Ջհանգիրյանն է։
Թող իրականություն դառնա Հայաստանում կայացած և անկախ դատական համակարգը, որի դեպքում անձերը, նրանց գործունեությունն ու քաղաքական առնչությունները նույն սանդղակով դատելի կլինեն՝ առանց վտանգելու համակարգն ու դրա փրկության հնարավորությունը։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…