Լրահոս 24/7

Վարչապետը մասնակցել է ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերաներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առիթով և նշել. «Մենք գտնվում ենք մի բուհում, որը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը բառիս բուն իմաստով: Ի՞նչ նկատի ունեմ. երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի այս բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, ճարտարագետներ, որոնք ամեն օր վերափոխում էին, վերակառուցում էին Հայաստանը: Այն, ինչ այսօր մենք ունենք, սկսած՝ էներգետիկայի ոլորտից, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, հաղորդակցության, տրանսպորտային համակարգերի ոլորտներով, դրանց մեծ մասը սաղմնավորվել է այս պատերի ներսում: Սա շատ կարևոր է արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը հանրապետությունում. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերգտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում:

Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու:

Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս:

Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր ուսուցիչներին, ձեր դասախոսներին և ձեզ համար կյանքի ճանապարհ բացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Շնորհավորում եմ, ի վերջո, մեզ բոլորիս, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին ահա այսպիսի նոր ներուժ, նոր ավյուն և նոր ոգևորություն պիտի ստանա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը, ՀԱՊՀ ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյանը, ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը, ՀԱՊՀ էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Ցոլակի Այվազյանը, ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Արամի Վարդանյանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը:

Վարչապետը նաև ներկա է գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:

Թիվ 1

Recent Posts

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

5 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

25 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

48 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

1 hour ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

2 hours ago