Հայաստանի քաղաքական ներկապնակում, իշխող ուժից հետո, նշանակալի դերակատարում է ապահոված այս երկու գործիչներին։ Առիթի դեպքում որ ուժը կդառնա նախընտրելի՝ դիտարկենք երկու տեսանկյունից։
Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության բացառման տեսանկյունից, զուտ սկզբունքային առումով, ավելի վստահելի և նախընտրելի տարբերակ է Մարուքյանը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը կլասիկ պատգամավորի համբավ է վայելում և քաղաքական զարգացումներին մոտենում է քաղաքական պռագմատիզմի տեսանկյունից։ Մարուքյանը բավական խարիզմատիկ և ամբիցիոզ քաղաքական գործիչ է, որին շատ կարճ ժամանակաշրջանում հաջողվել է ստեղծել ազդեցիկ քաղաքական ուժ, որը լուսանցքում է թողել դաշտի երկարակյացներին։ Մարուքյանի առանձնահատկությունը նաև այն է, որ Քոչարյանի հետ կոմպռոմիսը հավասարեցված է նվազագույնի, ինչը կարելի է դիտարկել որպես առավելություն։
Ծառուկյանը Քոչարյանի արիալում հայտնվելու ավելի մեծ հավանականություն ունի, հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման պատմությունը և քոչարյանամերձ շրջանակների հետ սերտ հարաբերությունները։ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, որ չունի բավարար քաղաքական կամք և կարող է «զադնի դնել», երբ կա կորցնելու վտանգ։ Ոչ վաղ անցյալում Ծառուկյանի քաղաքական ֆիասկոն բացատրվում էր ժողովրդին փորձության չտանելու հիմնավորմամբ։ Ծառուկյանի աստեղային ժամը կարծես դեռ չի եկել և հարմար առիթի դեպքում ևս մեկ հետքայլ հավասար կլինի քաղաքական ինքնասպանության։
Ժողովրդին փոփոխություններ առաջարկելու տեսանկյունից Մարուքյանը, որքան էլ կլասիկ դասագրքային կուսակցական և քաղաքական կուրս վարի, գլոբալ առումով իշխանության գալուց հետո կբախվի նույն խնդիրներին, որոնց բախվեց Փաշինյանի թիմը՝ կադրային սով, խոցելի մարտավարություն, ֆինանսների բացակայություն և այլն։
Եթե Ծառուկյանին դիտարկենք Քոչարյանի արիալից դուրս, զուտ Փաշինյանին այլընտրանք, այս պարագայում ժողովուրդը կարող է վստահել Ծառուկյանին ավելի, քան Մարուքյանին։ Նախ և առաջ մեր քաղաքացիական մտածողության մեջ կան կարծրատիպեր, որոնք կարող են որոշիչ լինել այս պարագայում․ դա ֆինանսական հնարավորություններն ու կապերն են և «կուշտ լինելու» ժողովրդական համոզմունքը։
Ծառուկյանը որքան էլ քաղաքականության մեջ խոցելի է և քաղաքական տեսանկյունից բովանդակազուրկ, այնուամենայնիվ խոսքի և գործի մարդ է, երբ հարցը վերաբերում է խոստումները կատարելուն։ Ահա այստեղ է, որ Բարգավաճը կարող է նախընտրելի դառնալ քաղաքական վերադասավորումների X պահին:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը, անկասկած, կհավակնի և, ըստ երևույթին, կկառավարի հաջորդ հնգամյակում, բայց, ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, և առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները շարունակելու են պայքարը, որպես իշխող ուժի այլընտրանք։

















