Լրահոս 24/7

Վարչապետը մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում: Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.

«Հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է ավելի ու ավելի մեծ թվով պետական կառույցների օժտել նոր, թարմ ավյունով: Բայց մյուս կողմից էլ՝ մեր գործելակերպում երբեք չի եղել, որ տվյալ համակարգի լավագույն ավանդույթները մերժենք, ժխտենք կամ դուրս թողնենք: Ի սկզբանե՝ հենց 2018 թվականից, մեր դիրքորոշումն այն է եղել, որ պետական ամբողջ համակարգը և ընդհանրապես՝ բոլորը պետք է ունենան հնարավորություն:

Յուրաքանչյուր համակարգում խնդիրները հասկանալու, լավագույններին ոչ լավագույններից տարբերելու համար, միշտ ժամանակ է պետք: Այդ ժամանակը մենք տրամադրել ենք, և ես ուրախ եմ դրա համար: Չնայած՝ պիտի նաև խոստովանեմ, որ այս թեզի իրականացման շրջանակներում մեզ շատ հաճախ քննադատել են, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասով՝ ասելով, որ մենք հապաղում ենք այնտեղ փոփոխություններ, բարեփոխումներ անել: Նույնիսկ այդ առիթով մեզ խեթ են նայել:

Ինչո՞վ սա կարելի է բացատրել: Սա կարելի է բացատրել հենց այսօրվանով: Այս օրն է եղել մեր նպատակը: Պարոն Բադասյանը նշեց, որ այսօր մենք, ըստ էության, 50-50 տոկոսով ունենք մարդիկ, ովքեր գալիս են մաքսային ծառայությունից և երկար փորձ ունեն և գալիս են մարդիկ, ովքեր նոր պիտի մտնեն այդ ծառայության մեջ: Սա մեր լավագույն ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք: Եվ, իհարկե, վատագույն ավանդույթները թողնենք անցյալում: Սա շատ կարևոր է, որովհետև միայն մի կոմպոնենտով, կարծում եմ, մենք մեր առաջ դրած խնդիրը չենք լուծի: Եվ ես ուրախ եմ նաև, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ճնշումների, քննադատությունների, մենք ի սկզբանե հավատարիմ ենք մնացել մեր ճանապարհին, երբ խոստացել ենք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում որևէ մարմնում:

Հիմա, կարծես թե, մեր տեսական թեզի գործնականացման ժամն է եկել, երբ լավագույնները գործընկերություն են հաստատում բոլորովին նոր մարդկանց հետ՝ լավագույն փորձը փոխանցելու և դրա արդյունքում լավագույն պրակտիկան ձևավորելու:

Մաքսային ծառայությունը, մաքսակետը, ընդհանրապես, ավանդաբար ընկալվում է որպես խոչընդոտ ապրանքների, տեղաշարժերի, տնտեսության համար: Մեր տրամաբանությունն է՝ բարեփոխել մաքսային ծառայությունն այնպես, որ դա դիտվի ոչ թե խոչընդոտ, այլ որպես ապրանքները ճիշտ, գրագետ, և նաև սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք, որն ի վերջո ծառայություն է մատուցում հենց տնտեսվարողին, որպեսզի նա այդ աջակցությունն ստանալով՝ հետագա իր պրոցեսներում որևէ փուլում անհաղթահարելի խոչընդտոների չհանդիպի: Այստեղ պետության, հանրության և տնտեսվարողի շահերը պետք է ճիշտ չափով բալանսավորված լինեն: Ես ուրախ եմ, որ մենք հիմա արդեն մտածում ենք և գործնականում գործարկել ենք մեխանիզմներ, որտեղ ապրանքները, ավտոմեքենաները կարող են մաքսակետով անցնել նույնիսկ առանց գրեթե կանգառի: Եվ շատ ուրախ եմ այս դինամիկայի, տեմպի համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաքսային ծառայության փորձառու աշխատողներին, ուզում եմ շնորհավորել և ուրախությունս հայտնել նոր մուտք գործողների համար: Ուզում եմ ասել, որ մեր մտադրությունները հենց այնպիսին են, ինչի մասին մենք բարձրաձայն խոսում ենք: Այնպես չէ, որ մենք հրապարակային մի բան ենք ասում, հետո ձեզ զանգում, ասում. տեսեք՝ այսպես արեք, այնպես արեք: Սա շատ կարևոր է: Հետևաբար՝ ես հույս ունեմ, որ նաև այսօրվա միջոցառման արդյունքում, այսօրվա համալրման արդյունքում քաղաքացի-մաքսային ծառայություն-Պետական եկամուտների կոմիտե-քաղաքացի, քաղաքացի-կառավարություն և քաղաքացի-պետություն հարաբերությունները ևս մի էական և որակական փոփոխություն կապրեն:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր լավագույններին և շնորհավորում եմ ապագայում այդ լավագույններից ավելի լավը դառնալու հնարավորություն ստացողներին»:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են…

4 minutes ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան…

28 minutes ago

Խնդիրները վերաբերում են բոլորիս և յուրաքանչյուրիս, դրանք մեր առօրյայի մասն են. Բաթոյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային…

47 minutes ago

Մանվել Վարդանյանը՝ 2025-ի Հայաստանի մինչև 8 տարեկանների չեմպիոն

Մանվել Վարդանյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում…

1 hour ago

ԱՄՆ-ին և Ուկրաինային չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումները. Պեսկով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումներն ուկրաինական հարցի շուրջ․ հայտարարել է ՌԴ նախագահի…

1 hour ago

Նրանք կա՛մ «այո» կասեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից. Վենս

Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներն ընդունելու ժամանակը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի մասնակցել…

2 hours ago