Facebook
21.08.2019

Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, նորերն էլ գալու մասին չեն մտածում․ Ավինյանը՝ Ամուլսարի հանքը չշահագործելու ռիսկերի մասին

Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, նորերն էլ գալու մասին չեն մտածում․ Ավինյանը՝ Ամուլսարի հանքը չշահագործելու ռիսկերի մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում դարձյալ անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ խնդրին լուծում տալու համար նշանակություն է ունեցել հարցի պատասխանը, թե արդյոք հանքի գործարկումը կաղտոտի Ջերմուկի և Սևանի ջրերը։

Փոխվարչապետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արդեն քանի օր է Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյո՞ք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա լիճը, արդյո՞ք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի են:

Եվ ակնհայտ է, որ որոշում կայացնելիս մենք պետք է հիմնվենք փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։

Ի՞նչ է ասում մեզ Էլարդ ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են։

Այնուամենայնիվ, Էլարդի զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը http://investigative.am/…/2…/amulsar_asulis/VERLUTSUTYUN.pdf, որտեղ ներկայացված են ոչ միայն Էլարդի կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի։

Ասեմ նաև, որ այսօր մենք հանքարդյունաբերության ոլորտում սահմանում ենք բարձր նշաձող, որի համաձայն մեր երկրի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն:

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել:

Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն Լիդիանի կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը, այլև բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով։

Իսկ հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտվելն էր։

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս։

Բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։

Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։

Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում։

Եթե նաև խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին ելքը՝ լիովին կանխատեսելի չէ, և հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց և միգուցե չգնված զենք։

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարևոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որևէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում՝ ներդրողներ ներգավվելու համար, և սրա կարևորությունը, կարծում եմ, բոլորս ենք հասկանում։

Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը»:

Լրահոս
Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Լայեն
12:34
Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Լայեն
Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. վարչապետ
12:04
Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. վարչապետ
Նեթանյահուն ուզում է դադարեցնել Իսրայելին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը
11:44
Նեթանյահուն ուզում է դադարեցնել Իսրայելին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
11:34
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Թրամփ. ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը անցնի Չինաստանի վերահսկողության տակ
11:06
Թրամփ. ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը անցնի Չինաստանի վերահսկողության տակ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
10:49
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
17:06
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
16:50
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
16:23
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
16:08
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
15:58
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
15:41
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
15:27
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
15:05
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
14:59
Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին