Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՆԳՆ և Ոստիկանության պաշտոնատար այլ անձինք:
«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, որ զեկուցվել է այն մասին, որ 2022 թվականին ավարտին է հասցվել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը, և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության բնականոն գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս: Նշվել է, որ նախատեսվում է ապառազմականացնել Ոստիկանության զորքերը և ձևավորել Ոստիկանության գվարդիա, որի գործառույթների մեջ են մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը և այլն:
«Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության պարեկային ծառայություններ են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, արդեն առաջիկա օրերին նման ծառայություններ կսկսեն գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: Ներկայում ընթացքում է մրցույթային փուլը՝ կադրերի համալրման նպատակով: 2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն:
Պատասխանատուները զեկուցել են Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի մասին, ինչի արդյունքում տեղի կունենա և աշխատավարձերի բարձրացում, և սոցիալական երաշխիքների բարելավում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ ներկայացվել են հանցավորության դեմ պայքարի, Ոստիկանության համակարգի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, կրթական միջավայրի բարելավման, Ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում, ներկայումս ընթացքի մեջ են վերջինիս տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով:
Ներկայացվել են Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները: Տեղեկացվել է, որ նորաստեղծ կենտրոնը գործունեության երկու ամսում կայացրել է 2155-ով ավելի վարչական պատասխանատվության որոշում: Տեղեկացվել է, որ 2022 թվականի ընթացքում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Մասնավորապես, նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ:
Նշվում է, որ հաջորդիվ անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորմանը, Հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակին, հանցագործությունների դեմ պայքարին, Օպերատիվ կառավարման համակարգի ներդրմանը, ինքնագլորների հետ կապված խնդրին և այս ոլորտում համապատասխան կարգավորումների ներդրման վերաբերող հարցերի:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների շարունակականության ապահովումն ու արդյունավետ իրականացումը, ընդգծել Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավման անհրաժեշտությունը, այդ թվում՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը: Այս համատեքստում, կարևորվել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը: «Պետք է էականորեն բարձրացնել վարորդական վկայականների տրամադրման ստանդարտը՝ համապատասխան միջազգային չափանիշների: Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,- ընդգծել է վարչապետը: Խոսելով մարզերում Ոստիկանության պարեկային ծառայությունների ներդրման մասին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվ միջոցառումներ իրականացնել կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…