«ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագիծը փետրվարի 3-ին ներկայացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
«Արմենպրես»-ը տեղեկացել է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որ նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ 2023-2030 թթ. ռազմավարությամբ սահմանված նպատակներից մեկը Հայաստանը բարձր նվաճումների երկիր դարձնելն է: Սահմանվել են բավական հավակնոտ թիրախներ, և դրանք իրականացնելու համար առկա են բոլոր հիմքերը:
Մարզադպրոցների գործունեություն միասնական մոդելի ներդրում
Ներկայում Հայաստանում գործում է 174 մարզադպրոց, որոնցից միայն 26-ն են ՊՈԱԿ, մյուսները՝ համայնքային պատկանելության մարզադպրոցներ են: Նախարարի տեղակալը կարևորել է հանրապետության բոլոր համայնքներում մարզադպրոցների առկայությունը: «Եթե չենք ցանկանում հիվանդանոցներ կառուցել, պետք է մարզադպրոցներ կառուցենք»,- շեշտել է Կարեն Գիլոյանը:
Յուրաքանչյուր մարզում մեկական պետական համալիր մարզադպրոցի հիմնում
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզադպրոցների հիմնումը թույլ կտա չսահմանափակել սպորտային ուղղվածությունը, զարգացնել նաև խաղային մարզաձևերը և չհիմնվել միայն հենակետային մարզաձևերի վրա: «Մենք մեծ հաջողություններ ենք գրանցում ըմբշամարտում, ծանրամարտում, բռնցքամարտում, սամբոյում և ձյուդոյում, սակայն ժամանակն է զարգացնել նաև խաղային մարզաձևերը: Ռազմավարության ծրագրով նախատեսում ենք նաև արագ հավաքվող, թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճներ տեղադրել. առաջինը կտեղադրվի Երևանի մերձակա շրջաններից մեկում: Դրանք նախատեսված կլինեն բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի, մասամբ նաև հանդբոլի համար»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
Մարզադպրոցներում բաց դռների օրեր և մրցույթների կազմակերպում
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ այն օժտված երեխաների բացահայտման նպատակ է հետապնդում, որպեսզի մարզիչները հանրակրթական դպրոցներից ևս կարողանան տաղանդավոր երեխաների ընդգրկել:
Միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազաների ստեղծում և ներդրումային ծրագրերի մշակում
Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում այսօր միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազաների լուրջ խնդիր կա, քանի որ առկա է այդպիսի ընդամենը 2 բազա՝ Ծաղկաձորի մարզաբազան և Օլիմպավանը: Ծանրամարտի համար քիչ թե շատ հարմար է նաև Աբովյանի մարզադպրոցը. «Այլ բազաներ, ցավոք, չունենք: Իսկ դա նշանակում է, որ խնդիրների առաջացման դեպքում մարզիկները զրկվում են ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորությունից: Բավական է հավաքականը մեկ կամ երկու հավաք չանցկացնի, ամբողջ տարին կարելի է ձախողված համարել: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզաբազաների ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է»:
Մարզական համալիրների կառուցում և գույքի ապահովում
2022 թվականին մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Այս տարի գույքի ձեռքբերման 100 մլն դրամ արժողությամբ ծրագիր է նախատեսվում. 2024-2030 թթ. այդ նպատակով կհատկացվեն շատ ավելի մեծ գումարներ:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը շուտով կսկսի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի կառուցման աշխատանքները, որը Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության համար ծառայելու է որպես մարզումային դահլիճ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկառուցվի մրցումային դահլիճը, իսկ 2024 թվականից սկսած՝ միջնաժամկետ կտրվածքով կդրվի նոր գույք ձեռքբերելու ծրագիրը: Մինչև 2026 թվականը կլինի 6 լրակազմ, որոնցից յուրաքանչյուրը 80-90 հազար եվրո կարժենա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանն առնվազն 15 տարի մարմնամարզություն գույքի խնդիր չի ունենա :
«Նմանօրինակ գույքային ծրագիր իրականացնում ենք նաև այս տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար: Մոտ 1.5 մլն դոլարի գույք ենք ձեռք բերել, ԵԱ-ից հետո՝ 2024 թվականին, կանցկացնենք ևս մեկ միջազգային մրցաշար հավանաբար արդեն երիտասարդների պայքարում, այնուհետև գույքը կբաժանվի մարզադպրոցներին »,- փաստել է Կարեն Գիլոյանը:
Նրա խոսքով՝ շուտով կավարտվի Գյումրիում Ա. Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը նույնպես կխթանի 13 մարզաձևի զարգացումը: Ներկայում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, բանակցություններ են ընթանում Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի հետ՝ նրանց անվամբ մարզադպրոցներ կառուցելու հարցով:
Ռազմավարական այլ ծրագրեր
Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ռազմավարության նախագծում առաջարկներ կան մարզիչների մասնագիտական զարգացման վերաբերյալ: Ուշադրություն է դարձվելու մասսայական սպորտին, որի շրջանակում իրականացված միջոցառումներին անցած տարի մասնակցել է շուրջ 61 հազար մարդ, այդ թվում՝ Վարչապետի գավաթի 5 մրցաշարերին: Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու պահպանմանը՝ զարգացնելու մասսայական սպորտը:
Անդրադարձ է կատարվել նաև գիտամեթոդական և բժշկահետազոտական կենտրոն ունենալու անհրաժեշտությանը:
Նախատեսվում է նաև ընդլայնել միջազգային սպորտային կազմակերպություններին մասնակցությանը՝ որակյալ մարզչական անձնակազմ ունենալու նպատակով: Կներդրվի ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման գործընթացը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…