Մեծ Բրիտանիան այսօր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լոնդոն կատարած այցի օրը, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Ցանկը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում, որտեղ նշվում է, որ «պատժամիջոցների են ենթարկվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և Վլադիմիր Պուտինի իշխանության ու հարստությունների հետ առնչություն ունեցող անձինք»:
Պատժամիջոցների ցանկում են Ձեռներեցների իրավունքների հարցով նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը, նրա որդին՝ գործարար Պավել Տիտովը, Regnum գործակալության սեփականատեր Սերգեյ Ռուդնովը:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավելի քան 1300 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

















