ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Զախարովան անպարկեշտություն է անվանել Հարավային Կովկասում ներգրավվելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հավաքական Արևմուտքի պատճառով և նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է»։ Զախարովան հավելել է, որ այնտեղ, ուր ոտք է դրել հավաքական Արևմուտքը, իրավիճակն ավելի լավը չի դարձել:














