Լրահոս 24/7
20.03.2023

Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Գևորգյան

Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում:

«Հանձնաժողովի հարգելի’ անդամներ, Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի շրջանակում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ. մեկը` կանաչ հանրային կառավարման հարցերի, մյուսը` կառավարման: Երկու աշխատանքային խմբերի առաջին նիստերն արդեն կայացել են: Ներկայացրել եմ ԵԽԽՎ-ն` որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող:

Մեր հանձնաժողովի հետաքրքրությունների տեսանկյունից իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կառավարման բազմաստիճան համակարգի եւ կանաչ հանրային կառավարման նոր մոտեցումները 2030 թվականի օրակարգով նախատեսված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի հետ կապելը:

Կանաչ հանրային կառավարման վերաբերյալ իմ հիմնական մեկնակետը հետեւյալն էր. ժողովրդավարական հասարակությունների նոր մարտահրավերներին դիմակայելու համար հանրային կառավարումը պետք է առնվազն լինի վստահելի, թվային, կանաչ: Հանրային կառավարման ոլորտում փոփոխություններն առաջին հերթին պետք է ազդեն դրա դերակատարների մտածելակերպի փոփոխության վրա:

Կանաչ կամ թվային հանրային կառավարումը չի կարող եւ չպետք է ընկալվի միայն նորագույն տեխնոլոգիական լուծումների համատեքստում: Կանաչ օրակարգի առաջնորդության եւ քաղաքական մոտիվացիայի հարցերն արդիական են դառնում: Կանաչ խնդիրները միայն կանաչ կուսակցությունների մարտահրավերները չեն:

Լիարժեք կանաչ հանրային կառավարման նոր մարտահրավեր է դառնում էներգետիկ անվտանգության ստեղծվող իրավիճակը: Շատ երկրներ ստիպված են վերանայել կանաչ անցման հետ կապված իրենց նախկին որոշումները: Միեւնույն ժամանակ, հասարակության մի մասի մոտ կա ընկալում, որ կանաչ որոշումներից շատերը թանկ արժեն եւ իրենց բարեկեցության վրա են ազդում, ինչը հանգեցնում է նրանց բացասական արձագանքին եւ նոր բնապահպանական լուծումների նկատմամբ դիմադրությանը: Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ կանաչ կառավարման բուն էության եւ դրան առնչվող հիմնախնդիրների ըմբռնումը բոլոր միջազգային կազմակերպությունների համար նույնը լինի:

Կանաչ օրակարգի զարգացման շատ խթաններ ձեւավորվում եւ ազգային մակարդակին են հասնում միջազգային կազմակերպությունների եւ վերազգային հաստատությունների կողմից, որոնք ունակ են մարտահրավերներին լուծում տալ առավել գլոբալ եւ անդրազգային մոտեցմամբ: Կարեւոր է գնահատել նաեւ կանաչ կառավարման որակի եւ մեր կազմակերպության անդամ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակի միջեւ հարաբերությունները: Կցանկանայի ձեզ հետ կիսել իմ այն դիտարկումը, որ կանաչ հանրային կառավարումն առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրականացման համատեքստում որոշակի թերահավատությամբ է ընկալվում: Նպատակահարմար կլինի, որ մեր կազմակերպությունն այս թեմային մոտենա այն տեսանկյունից, որ մաքուր, առողջ եւ կայուն միջավայր ունենալու մարդու իրավունքի իրականացումը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմքերից է: Այս առումով կարեւոր է ուսումնասիրել կազմակերպության անդամ երկրներում առողջ շրջակա միջավայրի իրավունքը` որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը ներդնելու, կամ այլ կերպ ասած` Նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարումը:

Կարծում եմ` հետաքրքիր կլինի նաեւ բացահայտել կանաչ հանրային կառավարման առումով տեմպի, ձեւերի եւ բովանդակության միջեւ տարբերությունը մեր կազմակերպության պետությունների միջեւ: Բացի այդ, պատեհ կլիներ այս թեմայով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ լսումներ անցկացնել` հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ խնդիրներ են առաջանում այս առումով` իրավական, գաղափարական, տնտեսական, թե ներքաղաքական: Ավելին, օգտակար կլինի մոնիտորինգի հանձնաժողովին առաջարկել կանաչ կառավարման ոլորտում իրերի դրության հարցը մոնիտորինգային առաքելությունների եւ հաշվետվությունների ներկայացման պարտադիր առարկա դիտարկել: Հարգելի’ գործընկերներ, կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ, որտեղ մեկտեղված են պետական եւ մասնավոր, տեղական եւ քաղաքացիական ջանքերը, սահմանվում են խաղի գործնական եւ համընդհանուր ճանաչում ունեցող կանոններ: Կանաչ հանրային կառավարումը պետք է նաեւ դրսեւորի խնդիրներն ու դրանց պատճառները միասնաբար ըմբռնելու կարողություն եւ որոշումների կայացման հարցում առաջարկի կոնսենսուսային մոտեցում: Կանաչ հանրային կառավարման համատեքստում կառավարման բազմաստիճան համակարգը կարող է դառնալ արդյունավետ եւ պատեհաժամ մոտեցում ապահովող հիմնական մեխանիզմներից մեկը:

Բնապահպանական խնդիրների դեպքում մենք բախվում ենք տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների, որոնք բոլորից պահանջում են իրենց դերակատարումն ունենալ: Օգտակար կլինի նաեւ կանաչ հանրային կառավարումը տեղակայել «երեք R»-երի մոտեցումով պայմանավորված լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում: Առաջին` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի արձագանքող (responsive), ինչը նշանակում է խրախուսել եւ պահպանել ի հայտ եկած խնդիրների եւ դժվարությունների ազնիվ ու բաց քննարկման հնարավորությունը. չպետք է լինեն փակ թեմաներ կամ անհասանելի գորշ գոտիներ: Երկրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատասխանատու (responsible), ինչը նշանակում է, որ ակնկալվող արդյունքները, որոնք կսահմանվեն, պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, եւ դրանց ձախողումը պետք է հետեւանքներ ունենա:

Երրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատշաճ (relevant), ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է լինեն ժամանակին, ռեսուրսներով հագեցած եւ համապատասխանեն Կայուն զարգացման նպատակներին: Կանաչ հանրային կառավարումը պետք է խուսափի վնասակար փոխզիջումների եւ երկակի ստանդարտների պրակտիկայից: Հատկապես այսօր կլիմայական եւ բնապահպանական հարցերի շուրջ փոխզիջումներն անընդունելի են, քանի որ դրանց ընդունմանը չի մասնակցում երկրորդ առանցքային կողմը` ապագա սերունդները: Այս առումով կանաչ հանրային կառավարման հիմնական ակնկալիքը կարելի է բնութագրել որպես մարդկության տեխնոլոգիական առաջընթացի եւ հնարավոր բնապահպանական նոր վնասների բացառման միջեւ անհրաժեշտ հավասարակշռության ապահովում: Նաեւ մեծ մարտահրավեր է, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թարմ միջոցներ են ապահովում ոչ միայն պատերազմների եւ ռազմական գործողությունների համար, այլեւ խոր առճակատման պատուհան են բացում ռազմավարական ազդեցության նոր միջավայրերում` Արկտիկայում եւ տիեզերքում: Եզրափակելով` կցանկանայի տեղեկացնել հանձնաժողովին, որ «Կանաչ հանրային կառավարումը լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում» համաժողովը, որը կազմակերպել է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեն (CDDG)` Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության հետ համագործակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում պետական կառավարման հնարավորություններն ու մարտահրավերները` առաջարկությունների բացահայտման նպատակով: Համաժողովի աշխատանքների ընթացքը եւ արդյունքները կներառվեն հանրային կառավարման մասին զեկույցում»,- ասել է պատգամավորը:



Լրահոս
Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան
19:06
Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան
ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ
18:07
ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ
Թուրքիայում շարունակվում են բողոքները
17:22
Թուրքիայում շարունակվում են բողոքները
ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
16:25
ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս
15:33
Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս
Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան
14:40
Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ
13:51
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել  Չեռնոգորիայի  դեսպանը
12:58
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը
Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ
12:17
Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
20:12
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է
19:54
Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել
19:44
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել
ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից
19:27
ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից
Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է
19:00
Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է
Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին
18:54
Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին