Լրահոս 24/7
23.03.2023

Սա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է. Նիկոլ Փաշինյան

Սա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի:

Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրությունը.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով: Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և դրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված:

Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ, հիշեցնեմ, ասվում է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»: Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով:

Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել: Նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից:

Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել: Ինչո՞ւ, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է – խոսքը Պրահայի հայտարարության մասին է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»: Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից:

Նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին, Սոչիում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է՝ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրի»:

Այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է՝ այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին: Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպը եղավ պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ: Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների: Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին:

Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է: Իսկ ընդհանուր առմամբ, պիտի ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը:

Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան: Նախ, նման ձևակերպումները Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կոպիտ միջամտություն են, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:

Ներկայում ազգային փոքրամասնությունները ներկայացնող 4 պատգամավոր կա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք դրսևորի և Միլի մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար և դա երաշխավորի սահմանադրությամբ: Սա գուցե իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլը կլինի:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Ինչ վերաբերում է մեր անելիքներին՝ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգության համակարգն ուժեղացնելով: Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից:

Շնորհակալություն»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան