Վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումն անընդունելի է, այն խափանում է բանակցային գործընթացը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:
Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արյունալի իրադարձությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է. – «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»:














