X
Մենք սոց. ցանցերում

ՄԻՊ-ն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Պաշտպանի դերն այդ ոլորտում։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները։ Երկուստեք կարևորվել է դրանց ուղղությամբ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բարելավումը։

Կողմերն անդրադարձել են նաև բուլինգի հիմնախնդրին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ՄԻՊ-ի կողմից դրա վերաբերյալ ընթացիկ փուլում ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներին։

Պաշտպանի խոսքով՝ ուսուցիչ-երեխա փոխհարաբերություններն այստեղ շատ կարևոր են և այս տեսանկյունից մանկավարժների կարողությունների զարգացման ուղղված վերապատրաստման դասընթացների անհրաժեշտություն կա։ Անդրադարձ է կատարվել նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սահմանամերձ բնակավայրերն այս տեսանկյունից խոցելի են և ունեն հատուկ ուշադրության կարիք։

Քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության և դրա դերի զարգացման, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս