Ինչի՞ հիման վրա են նման պնդում անում, ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի իրենք իրենց հաշվարկները ներկայացնեն, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանն ինչ օգուտներ կունենա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները պնդում են՝ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։
«Իրենք հղում կատարեցին 2000 թվականի ինչ-որ ուսումնասիրության վրա, այսինքն՝ 20 տարվա ուսումնասիրության վրա են հղում այնում, այն դեպքում, երբ այդ ուսումնասիրության նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծություն չէ, ուղղակի տրանսպորտային հեռավորության կրճատման արդյունքում ՀՀ արտաքին առևտրային բալանսը ինչքանով կկրճատվի»,-ասաց նա:
Ինչպես նշեց պատգամավորը, ինքը ևս մի հարցում է ուղարկել էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ներկայացնել Թուրքական ապրանքների ներմուծման արգելքին հաջորդած արդյունքները, և ստացել մի քանի էջից բաղկացած պատասխան․
«Ես ուղղակի կարդում էի ու հաճույք էի ստանում, թե ինչ լավ է, որ Թուրքական ապրանքների էմբարգո կար, Հայաստանում տեղական արդյունաբերությունն ինչքան զարգացավ, ինչպես թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինվեց անգամ Իտալիայից ապրանքների ներմուծումով։ Նշել էին, որ հնարավոր միակ բացասականը հետևանքը ինֆլյացիան էր, այսինքն՝ թուրքական ապրանքներն էժան էին և փոխարինումը բերում է գնաճի։ Դրա հիման վրա հարցում էի ուղարկել Կենտրոնական բանկ, որտեղից պաշտոնապես պատասխանել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որևէ էական ազդեցություն սղաճի վրա չի ունեցել»:
Անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հայտարարությանը, որ կա ուսումնասիրություն, որի հիման վրա քննարկում կկազմակերպվի՝ Խաչատրյանը շեշտեց, որ արդեն մի քանի ամիս է անցել, սակայն խոստացված քննարկումը չի կազմակերպվել:
«Որևէ քիչ թե շատ հարգված տնտեսագետ որևէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագետ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որևէ ուսումնասիրություն, որևէ հաշվարկ չի ներկայացվել: Իսկ եթե ավելի կոնկրետ ուզում եք իմանալ՝ ինչ տեղի կունենա, հարցրեք գյուղացիներին, որոնք նույնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ, ըստ իշխանական պատգամավորների, Թուրքիան չի ուզում սահմանը բացել, քանի որ դա կնպաստի Հայաստանի տնեսական բարգավաճմանը, Խաչատրանը նշեց, որ նման պնդումները պարզապես ծիծաղելի են․
«Թուրքիան սահմանը փակել է, առաջ է քաշել քաղաքական պահանջներ, որոնք բազմիցս է կրկնել։ Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է և Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստանի արևմուտ թուրքախոս պետությունների միջև ցամաքային կապի հաստատումն է։ Որևէ բան չի փոխվել, և դրա համար նրանք պատրաստ են նախկին ճնշումները կիրառել և նոր ճնշումները կիրառել»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ եթե սահմանի բացումը ձեռնտու լինի միայն Թուրքիային, ապա այդ երկիրը շատ արագ կբացի սահմանը, քանի որ հենց Թուրքիան էլ ժամանակին փակել է սահմանը՝ Հայաստանին տնտեսապես ճնշելու համար։ Ըստ պատգամավորի՝ այն նարատիվը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է և որևէ առնչություն չունի իրականության հետ։
Ինչպես ընդգծել է Պապոյանը հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման:














