Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում են շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Այս անգամ Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից:
Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղերից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկներին հնարավորություն կտրվի նաև կառավարել ներքնակի կոշտությունը ոտքերի, գլխի ու մեջքի հատվածում: Մահճակալները կունենան նաև խորացող բարձ: Դա առավելագույն հարմարավետություն կապահովի պարանոցի և գլխի հատվածում՝ անկախ նրանից, թե որ դիրքով է պառկած մարզիկը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: