ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում:
Պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձեւի համար:














