Լրահոս 24/7

Ադրբեջանից պահանջ չունե՞նք

2005 թվականին Բաքվի ,,Монитор,, պարբերականում տպագրվեց Էյնուլլա Ֆաթուլլաեւի ,,Карабахский дневник,, նոթագրությունը, որտեղ Խոջալուի դեպքերի մասին այսպիսի դիտարկում է արված. «Անասունները տեղափոխել են, իսկ մարդկանց՝ ոչ»: Դա իրականության արձանագրում էր:

Բոլոր քիչ թե շատ գիտակից ադրբեջանցիները համոզված են, որ Խաջալուի «ցեղասպանությունը» առասպել է: Խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցք թողնվել է, խոջալուցիները տեղյակ են եղել, անվտանգ հասել են մինչեւ Աղդամ քաղաքի մերձակայք, որտեղ էլ հայտնվել են խաչաձեւ կրակի եւ հրետակոծության տակ: Բայց եթե պետությունը Խոջալուի դեպքերը որակում է «ցեղասպանություն»՝ բոլորը հետեւում են այդ քարոզչակաղապարին: Ֆաթուլլաեւը բացառություն էր: Եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկեցին՝ խոջալուցիների արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով:

Քիչ առաջ ֆեյսբուքում կարդացի Արցախից բռնատեղահանված մտավորականի գրառումը: Երկար տարիներ նա Արցախի պետական համալսարանում քաղաքագիտություն է դասախոսել, մամուլում հանդես եկել ԼՂ կարգավորմանը վերաբերող հրապարակումներով: Այսօր բարձրացնում է հարց՝ կա՞ն իրավաբան-միջազգայնագետներ, որ կարող են բռնատեղահանված արցախցիներին օգնել՝ կարգավորելու քաղաքացիության, թոշակների եւ նպաստների վճարման, ինչպես նաեւ կորցրած գույքի դիմաց Հայաստանում փոխհատուցում ստանալու հետ կապված հարցերը:

Քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ունենալու, թոշակների եւ նպաստների խնդիրը հասկանալի է: Կարելի է եւ պետք է նույնիսկ Հայաստանի կառավարությանը քննադատել, թե ինչու՞ մեկ-համալիր-ամփոփ որոշում չի կայացնում, եւ մարդիկ ստիպված են օրվա մեջ մի քանի գերատեսչության դռներ ծեծել՝ պարզելու, թե երբ, ինչ կարգով կարող են կենսաթոշակ, նպաստ կամ բնակվարձի եւ կոմունալ ծախսերի փոխհատուցում ստանալ: Բայց Արցախում թողնված գույքի դիմաց Հայաստանի՞ց պիտի փոխհատուցման ակնկալիքներ կամ, որ ավելի արտառոց է, պահանջ ունենալ:

Չխոսենք այն մասին, որ Ստեփանակերտը, Արցախի մյուս քաղաքները, ավանները եւ գյուղերը ներկայիս տեսքով առաջին պատերազմի ավերումներից վերհառնել են հիմնականում Հայաստանի պետական բյուջեից եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից անհատույց ֆինանսավորման, մասամբ էլ՝ բարեգործական ծրագրերի հաշվին: Նույնը վերաբերում է ենթակառուցվածքներին՝ ասֆալտապատ ճանապարհներ, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման գծեր, ջրամատակարարման համակարգեր եւ այլն… Այդ ամենը մնացել է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ:

Եւ, ցավոք, այս շատ սկզբունքային հարցում Արցախի դեռեւս գործող իշխանությունը, քաղաքական ուժերը, ոչ կառավարական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները, մտավորականությունը, ինչպես վկայում են սոցցանցային գրառումները, չունեն միասնական-համակարգված մոտեցում: Թեեւ իրողությունը մեկն է՝ 150 հազար մարդու բռանտեղահանել է Ադրբեջանը, նրանց ունեցվածքը մնացել է Բաքվի հսկողության տակ եւ սեփականության իրավունքի հարցը պետք է քննարկվի ադրբեջանական եւ արցախյան կողմերի միջեւ:

Հայաստանը միջազգային գործընկերների հետ սպասարկում է Արցախի խնդրի իրավա-քաղաքական պաշտպանությունը, այն պահում է միջազգային հարաբերությունների օրակարգում, իսկ Բաքուն օգտագործում է իրավիճակի անորոշությունը եւ արդեն պաշտոնական քարոզչակաղապար է ստեղծել. «Ղարաբաղի հայերը կամավոր մեկնել են Հայաստան»:

Դժվար չէ կռահել, որ Իլհամ Ալիեւը փորձում է նախ միջազգայնորեն լեգիտիմացնել այդ թեզը, ապա եւ հրաժարվել բռնատեղահանված արցախցիների սեփականության իրավունքի ճանաչումից: Եթե Երեւանում ապաստանած ստեփանակերտցի մտավորականը համարում է, որ բնակարան պիտի ստանա Հայաստանի կառավարությունից եւ փնտրում է այդ պահանջը իրավաբանորեն հիմնավորելու ձեւ, ապա Ադրբեջանի կառավարությունն ինչու՞ հղում չանի այդ փաստին եւ չհրաժարվի նրան Ստեփանակերտում ընդունելու պարտավորությունից:

-Իսկ ո՞վ կուզենա թուրքի հետ նրա դրոշի տակ ապրել,

– հակադարձում է բռնատեղահանված մեկ այլ մտավորական: Ծանր հարց է, իհարկե: Բայց խնդիրն այսօր կամ վաղը Ստեփանակերտ վերադառնալը չէ, այլ՝ այդ իրավունքի ճանաչմանը հասնելը, ամրագրելը, իրավական անխախտելի ձեւակերպման հասնելը: Վերադարձի ճանապարհը Արցախում անհատական եւ հանրային սեփականատիրոջ իրավունքի ճանաչմամբ է բացվում:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

9 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

10 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

10 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

10 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

11 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

11 hours ago