Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Աշխատանքային հանդիպման ձևաչափով ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց և կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր:
«Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը և արձանագրել.
«Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է և ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:
ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահն անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը, միջռեգիոնալ համագործակցության խթանմանը, ներկայացրել տարբեր միջոցառումների շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերը:
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում Յուրի Վորոբյովն ընդգծել է խորհրդարանականների նշանակալի դերակատարությունը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է և կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը:
ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահը Հակոբ Արշակյանին որպես պատվավոր հյուր հրավիրել է Վոլոգդայի մարզում հուլիսի 4-7-ն անցկացվելիք «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի մանկական փառատոնի եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Առաջարկն ընդունվել է հայկական կողմից: Նշվել է, որ միջոցառմանը կհրավիրվեն նաև երեխաներ Հայաստանից:
ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական համագործակցության ակտիվացման կարևորությանն ու ընթացիկ խնդիրներին են անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը և ռուսական կողմից՝ Կազբեկ Տայսաևը:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ընդգծվել է օրենսդիրների զգալի դերը: Աշխատանքային հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, Դիլիջանում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…