Լրահոս 24/7

Մելքումովի ուրվականը

Շատ պատահաբար իմացա, որ Երեւանում կա Մելքումովի փողոց: Համացանցն ասում է, որ խորհրդային շրջանում Երեւանում Մելքումովի փողոց չի եղել, բայց թե ե՞րբ է 16-րդ թաղամասի Նորաշեն փողոցը վերանվանվել՝ տեղեկություն չի տալիս: Ստացվում է պարզ «անհարմարություն».

Մարդիկ ինչու՞ բողոքեցին եւ հասան նրան, որ Երեւանի քաղաքապետարանը Կասյան փողոցը վերանվանեց, իսկ նույն անկախ Հայաստանի մայրաքաղաքում կա Մելքումովի փողոց:

Ո՞րն է Կասյանի եւ Մելքումովի միջեւ տարբերությունը: Թերեւս այն, որ Սարգիս Կասյանը Բաքվում 1920թ. օգոստոին գումարված Արեւելքի ժողովուրդների համագումարում Սարգիս Կասյանը նույն դահլիճում նստել է Էնվեր փաշայի հետ, իսկ Հակոբ Մելիքումովը՝ մեկ կամ երկու տարի հետո Միջին Ասիայի ինչ-որ «ղշլաղում» սպանել է նույն Էնվեր փաշային: Իսկ առհասարակ թե Սարգիս Կասյանը, թե Հակոբ Մելքումովը եղել են բոլշեւիկ, իմպերիալիզմի դեմ պրոլետարիատի պայքարի եւ համաշխարհային սոցիալիստական հեղափոխության գործի նվիրյալներ:

Եւ այդ համատեքստում էլ նստել են Էնվերի կողքին, երբ նա համագործակցում էր Մոսկվայի բոլշեւիկայն իշխանության հետ, երկրորդ դեպքում՝ սպանել, քանի որ անցել էր հակաբոլշեւիզմի ճամբար եւ Միջին Ասիայում գլխավորում էր զինված ապստամբական շարժումը:

Մեծ հաջողությամբ Էնվերին սպանողը կարող էր լինել Սարգիս Կասյանը կամ Գեւորգ Աթարբեկովը, իսկ Հակոբ Մելքումովը՝ նշանակվեր Հայհեղկոմի նախագահ եւ կազմակերպեր Երեւանի բանտում առաջին հանրապետության գործիչների կացնահարումը:

Բայց մենք նրբությունների մեջ չենք խորանում. սպանել է Էնվերին, ուրեմն ազգային հերոս է եւ արժանի է, որ Երեւանում իր անունով փողոց լինի, ինքն էլ դասվի հայ վրիժառուների շարքին: Մենք չենք զորում դիտարկել ոչ միայն պատմական, այլեւ ընթացիկ զարգացումների խորքը:

Իսկ եթե Էնվերը բոլշեւիկյան չեկսիտ Մելքումովի ջոկատի կողմից չսպանվեր, եւ «բասմաչների» ապստամբությունը պսակվեր հաջողությա՞մբ: Խնդիրն Էնվերի սպանությու՞նն է, թե Հայաստանի, հայ ժողովրդի համար դրա կարեւորությու՞նը:

Բաքվի մամուլը մի քանի օր առաջ ծավալուն մեջբերումներ էր արել իշխող ՔՊ կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարցազրույցից: Ասում է,-միտքն եմ փոխանցում, բառացի չէ,- եթե Ռուսաստանն ուզում է Հայաստանը մնա ՀԱՊԿ-ում, թող մարդկանց վերադարձնի Լեռնային Ղարաբաղ:

Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել նույն Ռուսաստանի լուռ համաձայնությամբ: Եւ Մոսկվայում չէին կարող չհաշվարկել, թե դա ինչ ծանր ազդեցություն է թողնելու ռուս-հայկական հարաբերությունների վրա:

Եւ, այնուամենայնիվ, այդ քայլին գնացել են: Ինչու՞՝ պետք է շարժառիթը, մոտիվացիան, միջուկային տերության աշխարհաքաղաքական նպատակադրվածությունը փորձել հասկանալ, ոչ թե մնալ մտակաղապարի գերի, որ Լեռնային Ղարաբաղում Մուրադովը զորախմբի «լավ» հրամանատար էր, Վոլկովը՝ «վատ»: Մուրադովը եւ Վոլկովն արել են այն, ինչ հրահանգել է պաշտպանության նախարարությունը, վերջինիս էլ ուղղորդել է Կրեմլը, անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Ահա ճիշտ այդպես էլ եթե Հակոբ Մելքումն ունենար Էնվերին անվտանգ Աֆղանստան հասցնելու հրաման՝ անխոս կատարելու էր:

Մի քանի տարի առաջ մի հայտնի մտավորական Պողոս Մակինցյանին «դավաճան» էր անվանել, որ ստորագրել է Կարսի պայմանագիրը: Երբ ասացի, որ այդ պայմանագիրը կարող էր ստորագրել անգամ Եղիշե Չարենցը, եթե խորհրդային Հայաստանի կառավարությունը հենց կարսեցի Եղիշե Աբգարի Սողոմոնյանին լիազորեր, նա անցավ պիտակավորումների:

Միշտ այդպես է. երբ փաստարկներն սպառվում են, անցնում են «դու հայ չես» կարգի գռեհկախոսության:

Եւ այդպես էլ չենք կարողանում ձերբազատվել «Մելքումովի ուրվականից». Եթե ինչ-որ տեղ մեկը Հայաստանի մասին մի դրական խոսք է ասում, իսկույն հաճույքից թուլանում ենք: Տարբերություն չկա՝ Մոսկվայի՞ց է ասողը, Փարիզի՞ց, Վաշինգտոնի՞ց, թե՞ Բրյուսելից: Միայն թեկուզ մի չնչին «հակաթուրքական աղուպղպեղ» լինի:

Հետո ինչ է լինելու, ինչպես է լինելու՝ այդ պահին չենք մտահոգվում, եզակի մտահոգվողներին էլ «թուրք-ջհուդա-մասոնական» ենք ասում: Միայն թե Էնվերի հարյուր տարվա վաղեմության շանսատակությունից հաճույք ստանանք: Թե ում եւ ինչպես է ծառայել դա՝ կարեւոր չէ:

Կարեւոր չէ նաեւ, որ Հայաստանի գործընկեր կենտրոնասիական մի երկրում կարող են դիվանագիտորեն «տարակուսել» թե ինչու՞ անկախ պետության մայրաքաղաքում խորհրդային չեկիստի անունով փողոց կա…։

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

4 hours ago