Լրահոս 24/7

Արցախյան ծագումը մե՞ղք է

Հարցին, թե ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն առաջարկում պատմական Հայաստանից անցում կատարել իրական Հայաստանին, պատմաբան Հայկ Դեմոյանը պատասխանում է, որ նրա նախնիները մի քանի հայ ընտանիքների հետ 20-րդ դարի սկզբին «եկել են Արցախի Մարտակերտի շրջանից, գուցե դրանով է պայմանավորված, որ հեշտ-հանգիստ առաջարկում է հրաժարվել հայրենիքից, պատմական հիշողություններից»։

Ի՞նչ կապ ունի, թե որտեղից են Փաշինյանի նախնիները, Հայաստանի ներկայիս բնակչության մի շատ զգալի հատվածի նախնիները պատմական Հայաստանի տարբեր «աշխարհներից» են, Դեմոյանն ինչու՞ է ընդգծում, որ Փաշինյանի գերդաստանը տեղափոխվել է Արցախի Մարտակերտի շրջանից:

Տավուշում եւ Լոռիում մի քանի գյուղերի բնակիչներ այսօր էլ խոսում են Ղարաբաղի բարբառով, հիշողությամբ կապված են իրենց նախնիների «փոքր հայրենիքին»:
Դեմոյանի ասածի ենթատեքստն այն չէ՞, որ Փաշինյանի համար Հայաստանը «հայրենիք չէ, դրա համար էլ հեշտ-հանգիստ առաջարկում է հրաժարվել պատմական հիշողություններից»:

Այսինքն Արցախը, Արցախի Մարտակերտի շրջանը Հայաստան չէ՞, պատմական հայրենիք չէ՞, այնտեղից Իջեւանում հաստատված գերդաստանն անհայրենի՞ք է: Իսկ Գանձակից, Շամքորից, Բաքվից, Նախիջեւանից, Քարհատից Հայաստան տեղափոխվածների ժառանգները հայրենասե՞ր են կամ Արցախի մի այլ շրջանից եկածները:

Սա ի՞նչ «էպիկրիզ» է, ի՞նչ նպատակ է հետապնդում: Մանավանդ՝ այսօրվա իրավիճակում, երբ հարյուր հազար բռնատեղահանված արցախցի Հայաստանում փորձում է երկրորդ կյանք սկսել: Հայաստանը նրանց համար հայրենիք չէ՞:
Դեմոյանը նույնիսկ պահանջում է, որ Փաշինյանը բացահայտի իր ծագումը: «Արդյոք հաստատու՞մ է, թե ՞ հերքում իր ծագումնաբանությունը, ում նախնիներն Արցախից են»- ասում է նա:

Այսինքն, ի՞նչ, ծագումով արցախցի լինելը կամ Արցախից տեղափոխվածի ժառանգ լինելը մե՞ղք է, ով արցախցի է՝ Հայաստանը նրա համար թանկ չէ՞, նա պատմական հիշողություն չունի՞:

Կոնցեպտուալ, քաղաքական, քաղաքակրթական կարեւորության խնդիրն իջեցնել այս մակարդակի՞: Դեմոյանը հպարտանում է, որ իր նախնիները Կարսից են եւ ոչ ոք իրեն չի կարող համոզել, որ Կարսն իր հայրենիքը չէ:

Սա հարցի լուծու՞մ է:
Իմ պապը վանեցի է, Վանը միայն ի՞մ, ծագումով վանեցի տասնյակ հազարավոր մարդկանց ժառանգների՞ հայրենիքն է, թե նաեւ՝ Հայկ Դեմոյանի: Նրա նախնիների Կարսը միայն ի՞ր, մյուս կարսեցիների ժառագների հայրենի՞քն է, թե նաեւ՝ ի՞մ:

Հայրենիքը հայրենակալվածք չէ, ոչ էլ պատմական հիշողությունը պետք է սեւեռված լինի Կարսի կամ Վանի պապենական տան «բանալիների» վրա:

Երկիր Նաիրին միֆ, սրտի մորմոք, ուղեղային հիվանդություն է անվանել Պարսկաստանի Մակու քաղաքից Կարս տեղափոխված գորգավաճառ Աբգար աղայի որդի Եղիշե Չարենցը: Չարենցն անհայրենի՞ք էր, պատմական հիշողություն չունե՞ր:


Վանեցի Գուրգեն Մահարին պատմական հիշողություն չունե՞ր, երբ գրում էր «Այրվող այգեստանները»: Չգիտե՞ր, որ գրական-հանրային շրջանակները սրերով են ընդունելու այդ վեպը:

Անշուշտ գիտեր, բայց գրել է, որպեսզի իր իմացած Վանը ներկայացնի, ողբերգության իր ընկալումը բերի: Նիկոլ Փաշինյանի ծագումնաբանությունը չի փոխվել, բայց 2019թ. օգոստոսի 5-ին հենց նա է Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին հայտարարել. «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Ինչի համար, ի դեպ, հետահայաց սուր քննադատության արժանացավ:
Առկա իրավիճակում, երեւի, հուզականությունը գերիշխում է: Հակառակ դեպքում Հայկ Դեմոյանը Նիկոլ Փաշինյանի «հայրենաուրացությունը» չէր փորձի հիմնավորել Հայաստանում նրա գերդաստանի եկվորությամբ, այն էլ՝ Արցախի Մարտակերտի շրջանից:

Ասվածից հասկացվում է, որ եթե Փաշինյանի գերդաստանի «փոքր հայրենիքը չկա»՝ նրա համար միեւնույն է՝ «կլինի՞ Հայաստան, թե՞՝ ոչ»։

Դա վերաբորւմ է «փոքր հայրենիք» կորցրած բոլոր արցախցիների՞ն: Զարհուրելի է, եթե նա այդպես է մտածում:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 mins ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

11 mins ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

12 mins ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 mins ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

37 mins ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

3 hours ago