Մայր Աթոռն անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձություններին։

«Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։

Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձևավորման՝ հանգեցնելով նաև Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին։

Հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների և մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից և կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով:

Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որ դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ արժանապատվության նսեմացմանն ուղղված գործողություններով և բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ։

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։

Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության և զգաստության մեջ քաղաքական երկխոսության։

Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը:

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։

Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը։

Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago