Հասարակություն

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«ԵԱՀԿ-ի հիմնական մանդատներից մեկը եղել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման կենսունակ շրջանակի ապահովումը: Ցավոք, այդ ջանքերը բավարար չեն եղել տևական խաղաղություն հաստատելու համար, և մեր տարածաշրջանն անցել է 30 տարվա պատերազմի և ավերածությունների միջով: Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և ռազմագերիների խնդիրն արտացոլում են մեր առջև ծառացած դաժան իրականությունը:

Այս վեհաժողովն ականատես է եղել այդ ամենին` ծառայելով որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանավեճերի ու բախումների համար: Բայց այսօր ես այստեղ եմ հակամարտության այս երկար պատմության էջը շրջելու ցանկությամբ: Ես եկել եմ զգուշավոր լավատեսության ուղերձով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը սոսկ հեռավոր հույս չէ. այն հնարավոր է, այն հասանելի է մեզ:

Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը` սահմանագծման գործընթացի հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը: Հայաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այս որոշումը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, և մենք ակնկալում ենք, որ այն կվավերացվի խորհրդարանի կողմից առաջիկա շաբաթների ընթացքում:

Այն, ինչ հիմա պահանջվում է, հաջորդ` վճռական քայլն է` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Երկու երկրների առաջնորդները հաստատել են, որ համաձայնագրի նախագիծը մեծամասամբ համաձայնեցված է, և Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել` առաջարկելով ստորագրել արդեն համաձայնեցված հոդվածները: Դա կարևոր քայլ կլինի մնացած վիճելի հարցերի լուծման ճանապարհին: Ինչպես այսօր ավելի վաղ ասաց Իռլանդիայի նախկին վարչապետ Բերտի Ահերնը. «Խաղաղությունն իրադարձություն չէ, այն գործընթաց է»:

Բացի այդ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը` յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման հիմքով: Մենք ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի:

Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն: Ցավոք, մենք շարունակում ենք տեսնել այդ երկրի կողմից նոր պահանջներ և սպառնալիքներ: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը:

Ահա թե ինչու, սիրելի’ գործընկերներ, մենք ակնկալում ենք ձեր և ձեր կառավարությունների շարունակական աջակցությունը: Պահպանելով ձեր ուշադրությունը Հարավային Կովկասի վրա, չնայած գլոբալ ճգնաժամի մարտահրավերներին, դուք կարող եք օգնել ապահովել ամուր և տևական խաղաղություն: Շնորհակալություն»,- ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

1 hour ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

1 hour ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

2 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

3 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

3 hours ago

Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով…

3 hours ago