

Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի առաջիկա օրերին գումարվող գագաթաժողովի շրջանակներում ռուս-իրանական «Ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի ստորագրում նախատեսված չէ:
Իրանցի դիվանագետն ասել է, որ գագաթաժողովին ներկա են գտնվելու այլ երկրների առաջնորդներ եւս, իսկ այդ մթնոլորտում նման պայմանագրի ստորագրումը «ստվեր կձգի նրա պատմական նշանակության վրա»: Ջալալիի մեկնաբանությամբ՝ Թեհրանը «խորհրդակցել է ռուսական կողմի հետ, որպեսզի պայմանագիրն ստորագրվի հանդիսավոր պայմաններում, երբ Իրանի նախագահն առանձին այց կկատարի Ռուսաստան»:
Ռուս-իրանական «Ռազմավարական» կամ «Համապարփակ համագործակցության մասին» պայմանագրի շուրջ նման իրավիճակը միանգամայն կանխատեսելի էր: Աշխաբադում Պուտին-Փեզեշքիան «ճանաչողական հանդիպումից» հետո ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները «փորձագիտական տպավորություն» են փոխանցել, որ Իրանի նախագահը «շոշափել է հարցեր, որ Ռուսաստանի համար դժվար իրացնելի են»:
Ըստ տեղեկությունների, խնդիրն այն է, որ իրանական կողմը Մոսկվայից ակնկալում է ռազմա-տեխնոլոգիական կոնկրետ աջակցություն: Խոսքը, մասնավորապես իրանական ռազմաօդային ուժերի, ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացման մասին է, ինչին Ռուսաստանը «համարժեք չի արձագանքում»:
Չափազանց ուշագրավ է, որ «Ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է Ստամբուլում կայացած հնգակողմ նախարարական հանդիպումից մեկ օր անց, ինչից կարելի է եզրակացնել, որ, չնայած վերջերս Թեհրանից Մոսկվայի հասցեին քննադատությունը նվազել է, այնուամենայնիվ Հարավային Կովկասի ստատուս-քվոյի հարցում կողմերի միջեւ տարաձայնությունները չեն հաղթահարվում:
Կարեւոր է նաեւ այն, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Մերձավոր Արեւելքում իրավիճակի մասին հարցին, բառացիորեն հետեւյալն է ասել. «Իրանը մեր դաշնակիցն է, իսկ Իսրայելի հետ մեր հարաբերությունները վստահելի են»:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը սահմանափակում, ավելի ճիշտ՝ գրեթե զրոյացնում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման Իրանի հնարավորությունը, բայց փոխարենը Մոսկվան ոչ միայն չի աջակցում Իսրայելի հավանական հարձակումներից պաշտպանվելու Թեհրանի ծրագրին, այլեւ նախագահի մակարդակով պարզորոշ հասկացնում է, որ հրեական պետության հետ պահպանում է հարաբերությունների նախկին մակարդակը:
Այս իրավիճակում, անշուշտ, Ռուսաստանի հետ ուկրաինական պատերազմի համար պատասխանատվություն կիսելու ոչ մի մոտիվացիա Իրանը չունի, ուստի եւ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում ռուս-իրանական «Համապարփակ համագործակցության մասին» պայմանագիրը չի ստորագրվի:
Ստեղծվում է բավական բարդ իրավիճակ, որովհետեւ եթե Վլադիմիր Պուտինի «պարսկական մոտիվները չեն գրվում»- ինչպես հասկացվում է Մոսկվայում Իրանի դեսպանի հայտարարությունից,- ապա կասկածի տակ է ընկնում նաեւ Ադրբեջանի տարածքով «Հյուսիս-հարավ,, տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Իսկ դա Ռուսաստանի համար չափազանց կարեւոր հաղորդուղի է, որ Սանկտ-Պետերբուրգը պետք է կապի հնդկական Մումբային: Ռուս-իրանական դիվագիտական «խցանումը» կարող է Հայաստանի հարավում հաղորդուղիների շուրջ իրավիճակ սրել:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…