Ադրբեջանի իշխանությունները, որքան էլ խստագույն գրաքննության ենթարկեն պաշտոնական տեղեկատվությունը եւ վիճակագրական բոլոր ցուցանիշներով դրական դինամիկա գծապատկերեն, երբեմն ստիպված են լինում առերեսվել իրականությանը:
Վերջին շատ ակնառու հակասությունը բացահայտվեց վիճակագրական երկու տվյալի հրապարակմամբ:
Ըստ առաջինի, անցած մեկ տարում Ադրբեջանի բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը եւ կազմել ավելի քան քառասուն հազար:
Եկող տարվա պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումներն իրենց հերթին բացահայտել են, որ ընթացիկ ուսումնական տարում դպրոցականների քանակը կրճատվել է տասներկու հազարով:
Ադրբեջանում կան մոլեռանդ հավատացյալներ, որ հատկապես աղջիկ երեխաներին հանրակրթական դպրոց չեն ուղարկում եւ վերոհիշյալ ցուցանիշը կարելի էր բացատրել այդ հանգամանքով:
Բայց խորհրդարանականները նաեւ այլ բացահայտում են արել:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, Ադրբեջանի ամբողջ տարածքում գործում է բոլոր տեսակի 4 400 դպրոց: Դրանից 1500 –ում սովորողների թիվը 100-ից պակաս է: Բյուջեի հաշվարկով կառավարությունը մեկ սովորողի հաշվով տարեկան կատարում է 25 հազար մանաթի ծախս:
Քննարկումներին կառավարության ներկայացուցիչը հասկացրել է, որ նման շռայլություն աշխարհի ոչ մի երկիր իրեն թույլ չի տալիս: Նա բերել է գյուղական մի շրջանի օրինակ, որտեղ «ութ աշակերտի համար գործում է դպրոց՝ ընդհանուր առմամբ երեսուներկու վարձատրվող աշխատողներով»։
Գործադիր իշխանության պատասխանատուն ասել է, որ հանրակրթության ոլորտում պետք է անցնել «իրավիճակի բարելավման քաղաքականության»:
Փաստացի նա հասկացրել է, որ հարյուրից պակաս սովորող ունեցող դպրոցները պետք է փակվեն, միավորվեն: Ծրագիրը ենթադրում է ունենալ առնվազն չորս-հինգ հարյուր սովորող ունեցող միջհամայնքային դպրոցներ:
Խորհրդարանականներն այդ ծրագիրը քննադատության են ենթարկել եւ հիմնավորել, որ գյուղական բնակավայրերում դպրոցի փակումը նշանակում է «ավերել այդ բնակավայրը»: Նրանք օրինակներ են վկայակոչել, որ ցածր եկամուտ ունեցող գյուղացին չի կարող իր երեխային շրջկենտրոնի կամ միջհամայնքային դպրոց ուղարկել: Դրա համար հարկ կլինի լրացուցիչ գումարներ ծախսել:
Թե ինչպես է ալիեւյան իշխանությունը կարգավորելու 1 400 դպրոց-ուրվականների խնդիրը, սոցիալական ինչ հետեւանքներ կունենա օպտիմալացումը՝ Ադրբեջանի ներքին խնդիրն է: Ուշագրավը ժողովրդագրական իրական պատկերն է, որ արտահայտվում է դպրոցականների թվաքանակի կրճատմամբ, կրթության բնագավառի դեգրադացիայով:
Ադրբեջանական որոշ աղբյուրներ մի քանի տարի առաջ են ահազանգել, որ փաստացի բնակչության կեսից ավելին կենտրոնացած է Բաքվում, որտեղ հնարավոր է աշխատանք գտնել: Գյուղական բնակավայրերից երիտասարդությունը հեռանում է: Այս իրավիճակում ալիեւյան իշխանությունը լուրջ խնդիրներ ունի այսպես կոչված «մեծ վերադարձ» ծրագրի իրականացման հարցում:
Մարդիկ չեն ցանկանում թողնել համեմատաբար ապահով կյանքը եւ հաստատվել «ազատագրված» տարածքներում, որտեղ չկա աշխատանք:
Ընդդիմադիր գործիչները վկայում են, որ կառավարությունը մարդկանց զրկել է հողի սեփականության իրավունքից: Տասնյակ հազարավոր հեկտար մշակովի հողեր գտնվում են զինվորականների եւ պետական պաշտոնյաների հսկողության տակ: Պաշտոնական վիճակագրությունը ստում է նաեւ այդ ասպարեզում:
Վերջերս հայտնի է դարձել, որ Շուշիում բնակվում է ընդամենը 507 մարդ: Պաշտոնապես, սակայն, այնտեղ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին «ընտրվել է» Միլլի մեջլիսի պատգամավոր:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…