Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է «արեւմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադառնալու իրավունքի» մասին: Ընդ որում, նա ասել է, որ Հայաստանը «պետք է արեւմտյան ադրբեջանցիների համայնքի հետ բանակցություններ սկսի»:
Խոսքն ի՞նչ «համայնքի» մասին է, եթե 1989 թվականին ՀԽՍՀ-ի տարածքից Ադր. ԽՍՀ տեղափոխված մի քանի տասնյակ հազար էթնիկ ադրբեջանցիները վաղուց անկախ Ադրբեջանի քաղաքացիներ են, մասնակցել են այդ երկրի սահմանադրության ընդունմանը, իշխանության ձեւավորմանը:
Իր երկրում անձը չի կարող «համայնքի անդամ» լինել, եթե ընդունել է քաղաքացիություն, այդ պետության հանդեպ ունի պարտավորություններ, ինչպես նաեւ օգտվում է սահմանադրական իրավունքներից: Ընդսմին, այդ մարդիկ ՀԽՍՀ տարածքից Ադր.ԽՍՀ են տեղափոխվել որպես ընդհանուր պետության՝ Խորհրդային Միության, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացիներ:
Ադրբեջանում նրանք մնացել են ԽՍՀՄ քաղաքացի եւ անկախությունից հետո ձեռք բերել ադրբեջանական քաղաքացիություն, որով եւ խզել են իրենց կապը նախկին բնակության երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ:
Իլհամ Ալիեւը հասկանում է, որ իր հայտարարություններով «կրետի բույն է բացում»: Միայն Բաքու քաղաքից, ընդ որում՝ պաշտոնական տեղեկություններով, բռնատեղահանվել է 204 հայ, բայց անգամ ադրբեջանցի պարկեշտ փորձագետներն են ընդունում, որ իրականում խոսքը 300 հազարի մասին է:
Այսինքն, միայն Բաքվից բռնատեղահանվել է երեք անգամ ավելի հայ, քան ՀԽՍՀ ամբողջ տարածքի ադրբեջանական բնակչությունն էր: Եւ եթե վերադարձի իրավունքն անժամկետ է, ինչպես Իլհամ Ալիեւն է ասում, ապա նա պետք է պատրաստ լինի Բաքվում 300 հազար հայերի ընդունել՝ չխոսած այլ քաղաքների եւ շրջանների հայության մասին, որ հայրենազրկվել են:
Ադրբեջանի նախագահի նպատակը, կարելի է արդեն վստահաբար ասել, հայ-ադրբեջանական բանակցությունների ձախողումն է:
Նրա հայտարարություններից հետեւում է, որ Բաքուն հարաբերությունների կարգավորման իրական մտադրություն չունի: Միջազգային իրավիճակը չափազանց բարդ է, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես է ավարտվելու ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արեւելքում ինչ վերադասավորումներ կլինեն:
Քառասունչորսօրյա պատերազմն իրականում Հայաստանի պետականության, նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ էր: Այդ իմաստով Իլհամ Ալիեւը տասնամյակներ շարունակ իր ժողովրդին ներշնչած հիմնական խնդիրն ռազմական ճանապարհով չի լուծել:
Բանակցային ճանապարհով Ալիեւը չի կարող ստանալ այն, ինչ ցանկանում է: Մնում է մի տարբերակ՝ ձախողել հարաբերությունների կարգավորման բանակցությունները եւ սպասել հարմար առիթի, որ թույլ կտա Հայաստանի դեմ ագրեսիան «փաթեթավորել» խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական շահերով: Ինչպես եղավ քառասունչորսօրյա պատերազմում եւ հետագա երեք տարիներին, երբ Ալիեւը հասավ ԼՂՀ պետականության լուծարմանը եւ հայ բնակչության բռնատեղահանությանը:
Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները հասկանալի պատճառներով զերծ են մնում տեղեկատվա-քարոզչական հակադարձումներից եւ հանդիպակաց պահանջներ ներկայացնելուց: Բաքվից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից բռնատեղահանված հայությունը որեւէ ինստիտուցիոնալ կառույց չունի: Ալիեւի նախահարձակումներին պատասխանելու, հակընդդեմ հայց ներկայացնելու պատասխանատվությունը մնում է Ստեփանակերտի քաղէլիտայի վրա: Իսկ նա համառորեն լռում է:
Ամենայն հավանականությամբ, ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար հայերն ընտրեն իրենց ներկայացուցչական մարմինը եւ կոմունիկացիա հաստատեն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հասնելու հայրենիք հավաքական վերադարձի իրավունքի իրացմանը: Այլապես Իլհամ Ալիեւը ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ջուջեւան գյուղում ծնված Շահին Մուստաֆաեւին կարող է «գործուղել» Երեւան:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…