Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։
Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Հարցազրույցում նախարարից մեջբերումները ներկայացված են ստորև։
Հարցազրույցի մեկնարկին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Հայաստանը ժողովրդավարության արժեքները կիսում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Ֆինլանդիան: Նա ընդգծել է, որ իր երկիրը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։ «Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից:»
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:
«Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի:
Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդավարական ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ:
Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ: Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»:
Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: «Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»:
Հաջորդիվ լրագրողը տալիս է հետևյալ հարցը. որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:
Նախարար Միրզոյանի պատասխանը՝ «Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել:»:
ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։
Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»:














