Դեկտեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ, որին մասնակցում են նաեւ Աջարիայի ինքնավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Օրակարգում նոր նախագահի ընտրության հարցն է:
Փոփոխված սահմանադրությամբ Վրաստանի նախագահն այլեւս համաժողովրդական քվեարկությամբ չի ընտրվում, այլ՝ խորհրդարանի եւ այսպես կոչված «ընտրիչների» կողմից:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին: Վերջինս հայտնի է որպես ծայրահեղ աջ-պահպանողական հայացքների կրող: Խորհրդարանի նստավայրը շրջափակած ցուցարարներն իշխանական պատգամավորներին անվանել են «ստրուկ» եւ «ռուսներ»: Նրանք Վրաստանի եւ վրաց ժողովրդի, երկրի բոլոր քաղաքացիների համար «անպատվություն» են համարել նախագահի պաշտոնում Կավելաշվիլիի ընտրությունը, որովհետեւ նա անգամ բարձրագույն կրթություն չունի:
Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին եւ հայտարարել, որ իշխանության միակ սահմանադրական ինստիտուտը ներկայացնում է ինքը եւ նստավայրից չի հեռանա՝ մինչեւ նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն:
Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունը նշանակված է դեկտեմբերի 29-ին: Խորհրդարանի նախագահ Պապուաշվիլին գործող նախագահ Զուրանիշվիլիին խորհուրդ է տվել հարգել երկրի սահմանադրությունը եւ լարվածություն չստեղծել:
Ոչ ոք չի կասկածում, որ Կավելաշվիլին խորհրդարանի հատուկ նիստում երդում է ընդունելու եւ ստանձնելու է նախագահի պաշտոնը: Ինտրիգն այն է, թե արդյոք Զուրաբիշվիլին կկատարի՞ խոստումը, կհրաժարվի՞ թողնել նախագահի նստավայրը:
Ըստ երեւույթին, նման վտանգ իրականում կա: Զուրաբիշվիլին, հավանաբար, կմնա նախագահի նստավայրում, իսկ գործադիր իշխանությունը նրան կզրկի պետական պահպանությունից: Բացառված չէ, որ Զուրաբիշվիլիի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:
Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը մոտենում է կուլմինացիայի: Այդ է վկայում Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդի ուղերձը, որտեղ նա, առանց նշելու իշխանությանը եւ ընդդիմությանը, քաղաքական դիմակայության կողմերին կոչ է անում վեր կանգնել հավակնություններից, նստել ընդհանուր սեղանի շուրջ եւ հասնել համաձայնության՝ ի շահ Վրաստանի եւ նրա ժողովրդի:
Նման գաղափար «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, մինչդեռ, համարում է, որ ընդդիմությունը «հակասահմանադրական է», նրա հետ պետք է ոչ թե բանակցել, այլ խոսել օրենքի լեզվով: Վրաստանի վարչապետը հավատացած է, որ ամեն ինչ «լավ կլինի, երբ Դոնալդ Թրամփն ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը»:
Վրաստանի նախագահի երդմնակալության օրվանից մինչեւ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնում ժամանակահատվածը գրեթե մեկ ամիս է: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Վրաստանը «կպայթի՞»: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ Դոնալդ Թրամփը վրացի տասնյակ հազարավոր ցուցարարներին «տուն կուղարկի»: Ինչի՞ դիմաց կամ հանուն ու՞մ:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…