Լրահոս 24/7
16.12.2024

ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել Լոռու և Կոտայքի մարզպետարաններում

ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել Լոռու և Կոտայքի մարզպետարաններում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։

Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև այլ ֆինանսական գործառնությունների իրականացման նկատմամբ, որոնց հետ կապված՝ մարզպետների աշխատակազմերում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ, ընթացակարգային թերություններ և համակարգային խնդիրներ:

Արդյունքում, մի շարք ծախսերի ուսումնասիրությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Այդ թվում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկներում կիրառված՝ ելակետային տվյալների սխալ ցուցանիշներ, դպրոցական սննդի տրամադրման գործընթացներում կազմակերպչական բնույթի թերություններ, ինչպես նաև պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների տեսքով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նշված ժամանակահատվածում հաշվարկվել են ոչ ճշգրիտ՝ շուրջ 619 մլն ՀՀ դրամով պակաս ելակետային տվյալների հիման վրա։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավել է ֆինսասավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Ինչպես նաև, կազմակերպչական աշխատանքներում արձանագրվել են թերություններ և մի շարք այլ խախտումներ, որոնց թվում՝ ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։ Ծառայության միջնորդության հիման վրա ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ իր լիազորություններից բխող ստուգողական գործառույթներ են իրականացվել մարզային ենթակայության մի շարք հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ և տրվել են անորակ և ժամկետանց սննդի ոչնչացման կարգադրագրեր։ Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ։ Բացի դրանից, Կոտայքի մարզի ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերում արձանագրվել են վերահսկողության լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են պայմանագրային ժամկետների խախտման, շինարարական աշխատանքների որակի էական թերությունների՝ առերևույթ վնաս պատճառելով պետությանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել, և փաստացի չկատարված կամ նախագծային շեղումներով իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 238 մլն ՀՀ դրամ։

Լոռու մարզպետի աշխատակազմում արձանագրված խախտումների՝ համայնքներին պետբյուջեից տրամադրված դոտացիաների առերևույթ խախտման ծավալը կազմում է 365 մլն ՀՀ դրամ, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում առերևույթ խախտումների թիվը կազմել է շուրջ 162 մլն ՀՀ դրամ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ են արձանագրվել նաև մարզպետի աշխատակազմում ներքին գործուղումների, աշխատավարձերի հատկացման, սոցիալական փաթեթների և տրանսպորտային փոխհատուցումների փաստաթղթերում։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված մի շարք խախտումներ և թերություններ արդեն իսկ վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև մի շարք փաստացի չկատարված, սակայն դրանց դիմաց փոխհատուցված աշխատանքների իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել թերությունների շտկման և միջոցների վերականգնման հստակ պայմանավորվածություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության արդյունքները, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, զեկուցվել են Վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ հանձնարարելու համապատասխան գերատեսչություններին և լիազոր մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև ձեռնարկելու հստակ քայլեր՝ հետագայում նմանօրինակ խախտումները բացառելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփոխ տեղեկանքները ներկայացվել են համապատասխանաբար Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին, որոնցից ստացված կարծիքների կապակցությամբ կազմվել են ամփոփաթերթեր՝ ՊՎԾ դիրքորոշումներով, որոնք էլ սահմանված կարգով կցվել են ուսումնասիրության նյութերին։
ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը