«Խաղաղության եւ ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսովան, որ քաղաքական վտարանդի է եւ բնակվում է Հոլանդիայում, օրերս եվրոպական առաջատար լրատվամիջոցներին է տրամադրել Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցուցակը, որտեղ ընդգրկված է 331 անձ: Ընթացիկ տարում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճել է 37-ով:
Այդ առումով Լեյլա Յունուսովայի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կազմած ցուցակները նույնական են: Յունուսովայի ցուցակի առանձնահատկությունն այն է, որ նա քաղբանտարկյալներին դասակարգել է ըստ սոցիալական խմբերի եւ մասնագիտության: Այս առումով չափազանց կարեւոր է, որ Յունուսովան առանձնացրել է քաղբանտարկյալի նոր խումբ՝ «խաղաղության համար պայքարի առաջամարտիկ»:
Ադրբեջանում այս պահի դրությամբ այդ կարգի երկու քաղբանտարկյալ է նշվում, որոնց անունները մամուլը չի հրապարակում: Դատելով մի շարք հրապարակումներից, խոսքը երկու երիտասարդ ուսումնասիրողի՝ Բահրուզ Սամեդովի եւ Իգբալ Աբիլովի մասին է, որ ձերբակալվել են գրեթե միաժամանակ՝ անցյալ օգոստոսին:
Դեկտեմբերի 17-ին Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը Բահրուզ Սամեդովի կալանքի ժամկետը երկարաձգել է մինչեւ եկող տարվա մարտի 9-ը: Պաշտոնապես նրան ներկայացված է «պետական դավաճանություն» մեղադրանք:
«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Սամեդովը դատական նիստի ժամանակ չի ընդունել այդ մեղադրանքը եւ հայտարարել է, որ քաղաքական հետապնդումների է ենթարկվում «խաղաղության մասին արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցներում հրապարակած հոդվածների համար»:
Նույն մեղադրանքը ներկայցվել է նաեւ Իգբալ Աբիլովին: Վերջինս էթնիկ թալիշ է, բարձրագույն կրթություն ստացել է Մինսկի պետական համալսարանում, որտեղ էլ ավարտել է ասպիրանտուն, պաշտպանել թեկնածուական թեզ:
Նա անցած հուլիսին Լենքորանի շրջանի հայրենի գյուղ է այցելել՝ մասնակցելու հորեղբոր որդու հարսանյաց արարողությանը եւ ձերբակալվել Բաքվի օդանավակայանում՝ Մինսկի չվերթի ինքնաթիռում՝ թռիչքից րոպեներ առաջ:
Աբիլովը նաեւ մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ: Մեղադրանքի հիմքում դրված են Մինսկից Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ նրա հեռավար զրույցների տեսագրությունները:
Որպես արեւելագետ՝ Աբիլովն զբաղվել է թալիշների պատմությամբ, մշակույթի, ազգային ինքնության հարցերով: Հենց դա էլ համարվում է «պետական դավաճանություն»: Ըստ ադրբեջանական կողմի՝ նա «հրահրել է ազգամիջյան թշնամանք եւ ագրեսից անջատողականություն»:
Բավական խորհրդանշական է, որ «պետական դավաճանության» մեջ մեղադրվող Բահրուզ Սամեդովի կալանքի ժամկետը երկարաձգվել է նույն օրը, երբ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ ԼՂ նախկին նախագահների եւ այլ պաշտոնյաների գործով «նախաքննությունն» ավարտվել է, նյութերը «մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»: Գործը «կքննի» Բաքվի զինվորական դատարանը:
Ադրբեջանում, այսպիսով, ԼՂ նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները, երկու բարձարաստիճան զինվորականները դատվում են, որովհետեւ պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, իսկ երբ այն բռնաճնշելու նպատակով Բաքուն դիմել է ագրեսիայի՝ կազմակերպել ինքնապաշտպանություն:
Նույն վարչախումբն էթնիկ թալիշ Աբիլովին «պետական դավաճանության» մեղադրանք է առաջադրել, քանի որ նա համարձակվել է խոսել իր ազգի պատմությունից, մշակույթից, քաղաքակրթական ինքնությունից, իսկ Բահրուզ Սամեդովը կալանավորված է, որովհետեւ Ալիեւին քննադատել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու, ժողովրդին հակահայկականություն ներշնչելու եւ նոր ագրեսիայի նախապատրաստելու համար:
Քաբանտարկյալների ճակատագիրը նույնական է, նրանք ալիեւյան ռեժիմի զոհերն են: Նույնական չէ, ցավոք, նրանց նկատմամբ ադրբեջանցի իրավապաշտպանների վերաբերմունքը: Երբ խոսքը վերաբերում է ԼՂ նախկին նախագահներին, մյուս պաշտոնյաներին, Բաքվի բանտերում գտնվող այլ հայերի, ապա ոչ մի ադրբեջանցի չի բարձրաձայնում, որ նրանք նույնպես քաղբանտարկյալ են, խղճի կալանավոր:
Ընդհակառակը, Եվրոպայում ապաստանած ադրբեջանական վտարանդիության կառույցները վերջերս դիմել են Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին, իրավապաշտպան կազմակերպություններին եւ միջնորդել, որ նրանք Ալիեւի ռեժիմի հետ հարաբերություններում հայ ռազմագերիների եւ պատանդների մասին չխոսեն, քանի որ դա «վիրավորում է ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»:
Նման մտածելակերպի անձինք չեն կարող իրավապաշտպան համարվել: Նրանք արժանի են այն ճակատագրին, որ բաժին է ընկել իրենց. նույնիսկ Եվրոպայում են ապրում Ալիեւից վախը սրտներում, որ ցանկացած պահի կարող են արտահանձնվել կամ դառնալ ալիեւյան վարձկանների զոհը: Ադրբեջանում երբեք ժողովրդավարություն չի հաստատվելու, մինչեւ էթնիկ թուրքերը չդադարեն իրենց տիտղոսային, մյուսներին՝ ենթակա ազգ համարելու մեծամտությունից:
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ունիվերսալ են, հավասարապես տարածվում են բոլորի վրա՝ անկախ ազգությունից, դավանանքից, ռասայից կամ մաշկի գույնից: Բահրուզ Սամեդովը եւ Իգբալ Աբիլովը երբեք ազատություն չեն ստանա, եթե ադրբեջանցիները չպահանջեն, որ ազատ արձակվեն նաեւ ԼՂ ռազմա-քաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչները:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…