Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Նրա գնահատմամբ՝ այս տարի տոնակատարությունն առանձնահատուկ իմաստ ունի, քանի որ լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը եւ ռուսաստանցիները տեսնում են, որ «այն ժամանակ, այո, հաղթանակը նվաճվել է, բայց թշնամին լիովին չի ոչնչացվել»:
«Եւ ահա այսօր մեր տղաներն առաջնագծում ավարտին են հասցնում այն, ինչ պատմականորեն պետք է արվի: Ահա այդպես՝ ոչ ավել, ոչ պակաս»,- պատմա-քաղաքական զուգահեռն ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան այս հայտարարությունն արել է ուկրաինական պատերազմին արդեն հաջորդ շաբաթ վերջ տալու հավանականության մասին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիտի ճեպազրույցին գրեթե սինխրոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դարձյալ Էր-Ռիյադում՝ փետրվարի 25-ին:
Սպիտակ տան մամուլի խոսնակի ներկայացմամբ՝ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ուոլտցն ընդերքի օգտագործման համաձայնագրի վրա «կաշխատի նույնիսկ հանգստյան օրերին», դիվանագետների մի թիմ էլ մշակում է ռուս-ամերիկյան համաձայնագիրը:
Այս համատեքստում «մինչեւ վերջ չոնչացված ի՞նչ թշնամու» մասին է ակնարկում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը» եւ մեկնաբանում, որ Ուկրաինայի հետ պատերազմում ռուսաստանցի հայրենյաց պաշտպաններն անում են այն, ինչ չի արվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին:
Կրեմլը, որ տեւական ժամանակ քարոզում էր Յալտա-Պոտսդամյան համաձայնություններին վերադարձի անհրաժեշտություն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով ԱՄՆ-ի բանակցային թիմերին հասկացնում է, որ Ուկրաինան որպես անկախ պետություն պետք է դադարի՞:
Բայց ինչու՞ այդ մասին խոսելիս Մարիա Զախարովան ենթատեքստով հեղինակազրկում է Իոսիֆ Ստալինին, որ կարող էր «մինչեւ վերջ ջախջախել թշնամուն, բայց չի արել»: Եւ պատմական այդ պատասխանատվությունն այսօր կրում է Վլադիմիր Պուտինը:
Եթե սա կրեմլյան քարոզչական նարատիվ է, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը նպատակադրվել է պատմա-քաղաքական հեղինակությամբ «հասնել եւ անցնել» Ստալինից: Այս դեպքում, սակայն, խոսույթն ստանում է աշխարհաքաղաքական հստակ երանգ. Մոսկվան պարզորոշ ակնարկում է, որ չի կրկնի Ստալինի «սխալը», որ պատերազմում հաղթողի իրավունքով կարող էր ԽՍՀՄ-ին կցել ողջ Արեւելյան Եվրոպան, բայց «ենթարկվեց Արեւմուտքի ճնշմանը»։
«Թշնամուն մինչեւ վերջ ջախջախելու պատմական անհրաժեշտության» մասին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջիկա կամ նույնիսկ մոտական շաբաթներին Ուկրաինայում պատերազմի դադարեցման մասին Սպիտակ տան խոսնակի լավատեսությունը գործնականում ոչ մի առարկայական հիմք չունի:
Եթե Վլադիմիր Պուտինի նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումն է, ապա Միացյալ Նահանգների նախագահը կամ պետք է «հանձնի» առնվազն Արեւելյան Եվրոպան, կամ հաշտվի իր նախաձեռնության ձախողման հետ: 2014 թվականից սկսած Ռուսաստանում իշխել է «կորցրածը վերականգնելու» քարոզչությունը: Վլադիմիր Պուտինն արդեն Անվտանգության խորհրդում քննարկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցը՝ զեկուցող նշանակելով արտգործնախարար Լավրովին եւ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովին: Բացառված չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ամերիկյան մասնաբաժնից էլ Դոնալդ Թրամփն է դժգոհ եւ փորձում է շտկել Ֆրանկլին Ռուզվելտի «թուլամորթության սխալները»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…