Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել է, որ միջազգային այդ կառույցը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ոչ մի նպաստ չի բերել, ընդհակառակը՝ մշտապես նոր խնդիրներ է ստեղծել: Այդ հայտարարության ամենաուշագրավ ձեւակերպումը, սակայն, Ալիեւը հնչեցրել է այսպես. «Երեքն էլ հայերի կողմից էին, երեքն էլ»:
Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային կառույցների, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպության եւ նրա Անվտանգության խորհրդի հասցեին Իլհամ Ալիեւը նմանօրինակ շինծու քննադատություն հնչեցրել է նաեւ նախկինում: Այսօր, սակայն, առկա է բոլորովին այլ իրավիճակ. Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են «խաղաղության պայմանագրի» տեքստը, եւ միջազգային բոլոր դերակատարները կողմերին հորդորում են վերջնականացնել փաստաթղթի ստորագրումը, բացել Հարավային Կովկասի կայունության եւ զարգացման էջը:
Բաքուն, սակայն, նախ նոր «պահանջներ» ներկայացրեց, ապա վերջին մի քանի օրերին անցավ սահմանին հայկական ուժերի կողմից «ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման» քարոզչությանը՝ ստեղծելով իրավիճակ, երբ հնարավոր չէ քննարկել պայմանագրի ստորագրման ժամկետի եւ վայրի հարցը:
Այդ առթիվ առաջին եւ իշխող տպավորությունն այն է, որ Ադրբեջանը «հերթական էսկալացիայի հող է նախապատրաստում»: Նման սցենարը ոչ ոք բացառել չի կարող: Մանավանդ որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն ուժի կիրառման հարցում մի տարբերակ է տեսնում՝ նախապատրաստվել Ադրբեջանի ագրեսիային:
Բայց Հայաստանի դեմ որեւէ ուժային սցենար կիրառելու համար Իլհամ Ալիեւը պետք է ծավալուն եւ բազմակողմ «տնային աշխատանք կատարի»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրելով «մշտապես հայամետ դիրքորոշում ունեցած լինելու» մեջ, նա, որքանով հասկացվում է, քառասունչորսօրյա պատերազմը եւ գետնի վրա առկա իրավիճակը փորձում է ներկայացնել որպես իր՝ «միջազգային ինքնուրույն դերակատարի բացառիկ ձեռքբերում»:
Ենթատեքստը հասկանալի է: Ալիեւի պատկերացմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հարցն էլ իր «բացառիկ լիազորությունն է»: Այս իմաստով նրա դիրքորոշումը երկրորդ շերտն ունի. Ադրբեջանը «ոչ թե Հայաստանի հետ է պայմանագիր ստորագրում, այլ՝ Հայաստանի մասին»:
Սա չափազանց նուրբ, զգայուն պահ է: Ալիեւը հասկանում է, որ ինքը միջազգային «առանձնյակ» չէ, ուժի բեւեռ չէ, ուստի Հայաստանի, առհասարակ Հարավային Կովկասի ապագայի հարցում սուվերեն որոշում չի կարող ընդունել: Լուծումը, կարգավորումը ֆորմալ առումով երկկողմ-պայմանագրային է:
Այս դեպքում Ալիեւի «հաղթակամարը» փլուզվում է: Նա չի ստանում այն, հանուն ինչի սկսել է քառաունչորսօրյա պատերազմը՝ սուբյեկտային գերակայություն ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլեւ՝ ամբողջ Հարավային Կովկասում եւ արտատարածաշրջանային «որոշիչ դերակատարություն»: Հայաստան-Ադրբեջան միջպետական պայմանագիրը չեղարկում է այդ տեսլականը թե ներկայում, թե աշխարհաքաղաքական ապագա բոլոր դասավորությունների անգամ տեսական ծրագրավորումների կտրվածքում:
Այս առումով հայ-ադրբեջանական սահմանի «կրակոցների» քարոզչությունը ոչ այնքան Հայաստանին, որքան միջազգային դերակատարներին է հասցեագրված: Ալիեւը հիշեցնում է իր մասին: Ամենեւին էլ բացառված չէ, որ «գործիք» ընտրողները ժամանակին նրան «ոսկե սարեր են խոստացել»: Բավական է հիշել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ Ալիեւին ճանաչում էր Կովկասի կայունության երաշխավոր:
Բայց այդ ժամանակը մնացել է անցյալում: Միջազգային քաղաքականության դերակատարների շրջանակը ոչ թե ընդլայնվել, այլ ծայրաստիճան սեղմվել է. պայմանավորվող կողմերը երկուսն են՝ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները: Մի իրավիճակում, երբ «աշխարհի վերաբաժանմանը» նույնիսկ Եվրամիությունը, Չինաստանը, Ադրբեջանի «ավագ եղբայր» Թուրքիան առարկայական մասնակից չեն, Ալիեւը «ձուկ եւ մուկ որսալու» շանս բացարձակապես չունի: Նրա «հաղթակամարը» փլուզվել է:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…