«Սիրիայի վարչակազմի ղեկավար ալ-Ջուլանին պետք է իմանա, որ շատ թանկ գին կվճարի, եթե թույլ տա, որ Իսրայելի թշնամին հաստատվի իր երկրի տարածքում եւ սպառնալիք ներկայացնի հրեական պետության անվտանգությանը»,- բարձրաստիճան զինվորականության հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը:
Նախօրեին իսրայելական բանակը հայտնել է Սիրիայի հարավի Դերաա գավառում հրաձգության մասին: Ըստ այդմ, իսրայելցի զինվորականները հարձակման են ենթարկվել եւ օգնություն խնդրել: Ռազմա-օդային ուժերի միջամտությունից հետո զինառյալները ոչնչացվել են: Սիրիական աղբյուրները, սակայն, հաղորդում են իսրայելական հարձակման հետեւանքով մեկ տասնյակից ավելի «խաղաղ բնակիչների զոհվելու» մասին: Բաշար Ասադի վարչախմբի անկումից հետո սա առաջին դեպքն է, երբ իսրայելական բանակը Սիրիայի տարածքում կրակային շփման մեջ է մտնում սիրիական ուժերի հետ:
Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Սիրիայում չկան «Հեզբոլլայի» կամ իրանական պրոքսի զինված խմբավորումներ: Սիրիան ռազմական համագործակցություն ունի միայն Թուրքիայի հետ: Այս համատեքստում Սիրիայի տարածքում Իսրայելի թշնամիների տեղաբաշխման անթույլատրելիության մասին Իսրայելի պաշտպանության նախարարի զգուշացումն, անկասկած, հասցեագրված է նաեւ Թուրքիային:
Ըստ տեղեկությունների, անցած շաբաթվա վերջին եւ ապրիլի երեքին Իսրայելի ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են առնվազն երկու ռազմական օդանավակայան: Վկայակոչելով իրենց տրամադրության տակ հայտնված արբանյակային լուսանկարներ, արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Պալմիրայի եւ T4 ռազմական օդանավակայանների «թռիչքուղիները վերածվել են խոր խրամափոսերի»:
Ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել են, որ Անկարան Սիրիայի նոր իշխանությունների հետ ձեռք է բերել Սիրիայի տարածքում երկու խոշոր ռազմահենակայան ստեղծելու համաձայնություն եւ պատրաստվում էր նշված օդանավակայաններում տեղաբաշխել ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-եր, ինչպես նաեւ միջին հեռահարության հրթիռներ: Անդրադառնալով Սիրիայում ռազմական թիրախներ խոցելու իրողությանը, Իսրայելի պաշտպանության նախարարն այն համարել է «նախազգուշացում, որին կարող են հետեւել լրջագույն քայլեր»:
Իսրայելը փաստացի փորձում է թույլ չտալ, որ Թուրքիան Սիրիայում ռազմական ներկայություն հաստատի: Ապրիլի երեքին իսրայելական օդուժն արդեն ռմբակոծել է Սիրիայի մայրաքաղաքի մերձավոր արվարձանները: Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան դիմել է ՄԱԿ-ին եւ պահանջել, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի, որպեսզի «Իսրայելը դադարեցնի էքսպանսիոնիստական քաղաքականությունը»:
Սիրիայում ռազմական ներկայությունը Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն ունի, քանի որ այդ դեպքում նա հնարավորություն կունենա «նյարդայնացնել» ոչ միայն Իսրայելին, այլեւ Իրաքին, Լիբանին, Իրանին, ազդեցություն կտարածի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Նաթանյահուի կառավարությունը, մինչդեռ, վճռական է տրամադրված, մտադիր չէ հեռանալ Գոլանի բարձունքներից, Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց եւ պահանջում է լիովին ապառազմականացնել Դամասկոսից հարավ բոլոր տարածքները: Թուրքիան, ընդհառակը, մտադիր է հենց այդ՝ Իսրայելին սահմանակից, տարածքներում ռազմահենակայաններ ստեղծել: Ի՞նչ զարգացում կլինի՝ բարդ է կանխատեսել: Ստեղծված իրավիճակը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որ թուրք-իսրայելական լարվածությունն, անկասկած, ազդելու է իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին: Եթե Սիրիայում Իսրայելը եւ Թուրքիան հասնեն առճակատման, ապա Ադրբեջանը հարկադրված կլինի բոլոր առումներով աջակցել Թուրքիային:
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…