Լրահոս 24/7

«Թուրքական Կիպրոսը» գրոհում է

Սամարղանդում անցյալ շաբաթ գումարվել է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովը, որի բացման ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տարածաշրջանն անվանել է «Եվրասիայի բաբախող սիրտը»: Ըստ տեղեկությունների, ձեռք է բերվել չափազանց կարեւոր համաձայնություն. առաջիկա մի քանի տարիներին ԵՄ-ն Կենտրոնական Ասիայի երկրներում ավելի քան տասներկու միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրեր կիրականացնի:

Սամարղանդի գագաթաժողովի քաղաքական նշանակությունը, սակայն, բոլոր առումներով ավելի կարեւոր է. Եվրամիությանը հաջողվել է տարածաշրջանի թուրքախոս պետություններին համոզել, որ նրանք ճանաչեն Կիպրոսի՝ որպես ԵՄ անդամ պետության, տարածքային եւ քաղաքական ամբողջությունը: Նրանք ընդունել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի իրավազորությունը, որով Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ճանաչումը ոչ օրինական է սահմանված:

Պաշտոնական Անկարան Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների այդ քայլը դեռեւս չի մեկնաբանել: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը եւ Թուրքմենստանը Թուրքական պետությունների լիարժեք կամ դիտորդ անդամ են, իսկ այդ կառույցի ընդունած բոլոր փաստաղթերում Կիպրոսի հյուսիսի «թուրքական հանրապետության» ճանաչումը հռչակված է «միասնական նպատակ»:

Իրավիճակին որոշակի պարզություն է հաղորդել Կիպրոսի «թուրքական հատվածի» ներկայացուցիչ Էրխան Էրիկչին թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում խստագույն քննադատության է ենթարկել Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններին: «Թուրքական հանրապետություններից Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը Կիպրոսի հարցում բացարձակ այլ հայացքներ ունեն: Նրանք ավելի մեծ նշանակություն են տալիս եվրոպական երկրների հետ համագործակցությանը»,- հայտարարել է Էրիկչին, որ ներկայացել է իբրեւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության տրանսպորտի նախարար»:

Նա Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներին քննադատել է Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ դեսպանատներ հիմնելու համար:

«Այդ որոշումը մեծ դառնություն է պատճառել Կիպրոսի հյուսիսի թուրքերին»,- ասել է նա եւ Անկարային կոչ արել, որպեսզի «համապատասխան քայլեր ձեռնարկի»:

Էրիկչին գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը եւ Ղրղըզստանը չեն միացել Եվրամիության հետ համաձայնությանը:

Կարելի է ենթադրել, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահի եւ Կիպրոսի հյուսիսի թուրքական վարչախմբի առաջնորդ Էրսան Թաթարի հանդիպումը կազմակերպվել է որպես ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովի քաղաքական որոշման հակակշիռ: Այդ միջոցառման նախօրեին Իլհամ Ալիեւը տարակուսանք է հայտնել, թե ինչպե՞ս կարելի է ճանաչել Կիպրոսի քաղաքական միասնությունը, եթե այնտեղ «թուրքերի իրավունքները ոտնահարվում են»:

Տպավորություն կա, որ մոտ ապագայում Ադրբեջանը կճանաչի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» եւ դիվանագտական հարաբերություններ կհաստատի նրա հետ: Ի՞նչ հակաքայլ կկիրառի Եվրամիությունը: Եվրախորհրդարանը վերջերս Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքը պաշտպանող բանաձեւ է ընդունել: «Թուրքական Կիպրոսը» գրոհում է Եվրամիության դիրքերը: Ի պատասխան Բրյուսելը կարո՞ղ է ակտուալացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

3 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

5 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

5 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

5 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

6 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

6 hours ago