Հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայություններին: Նշվում է, որ հրթիռակոծման հետևանքով տուժել է 4 մարդ:
Գործակալությունը նշում է, որ «Բալադ» -ը կայան է հանդիսանում ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչի սպասարկմամբ: Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել:
CNN-ն էլ հայտնում է, որ Միացյալ նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ղեկավար կազմից ներկայացուցիչներ ավիաբազայում չեն եղել:
Հեռուստաընկերությունը նշում է, որ բազայոի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ, ինչի հետեւանքով վիրավորումներ են ստացել Իրաքի Օդային ուժերի 4 սպաներ: Համաձայն ուսումնասիրության, հավանաբար խոսքը արհեստագործական հրթիռների մասին է:
Հարձակման համար պատասխանատվություն դեռեւս ոչ ոք չի ստանձնել:
Ավիաբազան, որը ենթարկվել է հրթիռային հարվածների, տեղակայված է Բաղդադից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ հիմնականում կայանում են ոչ իրաքցի զինվորականներ, այդ պատճառով էլ «Բալադ»-ը ժամանակ առ ժամանակ թիրախ է դառնում այն խմբավորումների զինյալների համար, որոնք կողմ են Իրաքից ԱՄՆ-ի զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերմանը:

















