X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Ընտրվել եք ԱԺ պատգամավոր այն հեղափոխության արդյունքում, որի մեջքին կանգնած երբևէ չեք եղել». Գրիգոր Երիցյան

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քիչ առաջ լսեցի Երևանի ավագանու մեր նախկին գործընկեր, պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկումն առ այն, որ «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բավականին զարգացած չէ, կարողունակ չէ, չունի վերահսկողություն իրականացնելու կարողություն և պատշաճ մակարդակ»։

Հարգելի՛ տիկին Սամսոնյան, բարեբախտաբար ինձ և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը «բախտ» է վիճակվել մոտիկից ծանոթանալու թե՛ Ձեր, թե՛ ավագանու «Լույս» խմբակցության անդամների «ունակություններին», կարողություններին, քաղաքական մշակույթին և մակարդակին։ Դուք դրանք երբևէ չեք թաքցնում և պարբերաբար հանրայնորեն ցուցադրում եք։

Ձեր նախկին գործընկերների՝ մեր հասցեին հերթական բոցաշունչ ելույթից հետո, ինձ անկեղծորեն հետաքրքրեց ձեր անցած մասնագիտական և քաղաքական ճանապարհն ու կենսագրությունը, քանի որ վերջինիս օբյեկտիվորեն ծանոթ չեմ, երբևէ չի հետաքրքրել։ Համաձայնեք, որ 57 հոգանոց ավագանու խմբակցության կարողություններին, մակարդակին և ունակություններին գնահատական տվող անձը, անկախ իր պաշտոնից, առնվազն իր գործունեությամբ և հեղինակությամբ պետք է վաստակի նման լուրջ գնահատական տալու լեգիտիմությունը։

Ինչպես տեղեկացա համացանցում կարճ որոնումից հետո, չնայած որ մենք հասակակիցներն են, Դուք ձեր հասարակական-քաղաքական կարիերան սկսել եք 2015 թվականին, երբ այս գումարման ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերն արդեն իրենց մասնագիտական ոլորտում ձեռք էին բերել բարձր հեղինակություն, ղեկավարում էին հեղինակավոր կազմակերպություններ և հանդիսանում էին հասարակական, մշակութային, առողջապահական և մի շարք այլ ոլորտների հեղինակավոր գործիչներ․ սա այն պայմաններում, երբ մեզնից շատերը դրսևորում էին քաղաքացիական ակտիվ դիրքորոշում և մշտապես հայտնվում օրվա իշխանությունների թիրախում։

2017 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմի կազմում Երևանի ավագանու անդամ դառնալով՝ ձեռք եք բերել որոշակի հանրային ճանաչում և ապա օրենքի ուժով դարձել եք Երևանի ավագանու անդամ, հետո արդեն ընտրվել եք ԱԺ պատգամավոր այն հեղափոխության արդյունքում, որի մեջքին կանգնած չեք եղել։

Ամենայն հարգանքով Ձեր գործունեության ու այսքան երիտասարդ տարիքում Ձեր ձեռքբերումների նկատմամբ, Ձեր կողմից մեծամտություն է խոսել մեր հմտություններից և մակարդակից, երբ ինքներդ դրանցից դեռ շատ հեռու եք՝ անգամ համեմատվելու փորձ կատարելու համար։ Կներեք, որ մենք համբերատար ենք, հանդուրժող, հարկ եղած դեպքում գիտենք լռել և չենք ծախսում մեր և մեր ընտրողի ժամանակը անիմաստ ներկայացումներին մասնակցելու համար։ Մենք մեզ գռեհիկ պահել չգիտենք, պահում ենք բանավեճի կանոնները, Ձեզ և Ձեր թիմակիցներին անկախ ամեն ինչից վերաբերվում ենք գործընկերային և բարիադրացիական։

Հիմա Ձեր և ձեր թիմակից ավագանու անդամների հմտությունների, կարողությունների կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայության մասին։

Փաշինյանի թիմի կազմում ավագանու անդամ դառնալով՝ Դուք և ձեր թիմակիցները ունեիք բավարար ժամանակ և հնարավորություն՝ զարգացնելու քաղաքական և հանրային գործչին անհրաժեշտ հմտություններն ու ունակությունները, սակայն՝

– Դուք և ավագանու ձեր թիմը չեք տիրապետում հաղորդակցության և էթիկայի տարրական նորմերին՝ հաճախ դառնալով հանրության քննադատության ու ծաղրի թիրախ։
– Դուք չեք տիրապետում փաստերի ստուգման հմտությունների՝ ստիպված լինելով ներողություն խնդրել տարածած ապատեղեկատվության համար։
– Դուք չեք տիրապետում հանրային կապերին, ինչի հետևանքով անգամ ամենաճիշտ քննատադության պարագայում այն ճիշտ չեք հաղորդակցում հանրությանը։
– Դուք չեք կարողանում կառավարել ձեր զգացմունքները՝ թույլ տալով արտահայտություններ, որոնց համար հետո զղջում եք։
– Դուք չգիտեք ինչպես շփվել հանրության հետ, քանի որ Ձեր կարծիքը չկիսողներին ֆեյք եք անվանում։ Հանրության հետ հաղորդակցման ձեր սիրելի ֆորմատը տեսախցիկներն են, որոնց հետ աշխատել, ինչ խոսք, գիտեք։
– Դուք չունեք քաղաքական հեռատեսություն, որովհետև չեք հաշվարկում, թե ինչ է լինելու ձեր այս կամ այն քաղաքական քայլից հետո։ Արդյունքում նախաձեռնում եք հանձնաժողովի ստեղծում, որը տապալվում է, նախաձեռնում եք ավագանու անդամի հետկանչի քննարկում, բայց դրա արդյունքում դառնում եք նախկին իշխանությունների տեղեկատվական գրոհի զոհ, մշակում եք օրենք դառնալու հնարավորություն չունեցող նախագծեր և վատնում եք Ձեր թանկ ժամանակը։
– Դուք չունեք քննադատությանը առերեսվելու և հետադարձ կապ ընկալելու հմտություններ, ձեր քննադատական տեքստերի նկատմամբ քննադատությանը արձագանքում եք անձնական վիրավորանքներով։
– Դուք չունեք հետազոտություններ կատարելու, օրինաստեղծ գործունեություն ծավալելու հմտություններ։
– Դուք չեք տիիրապետում հռետորական ու բանավեճի արվեստին, մշտապես ընդհատում եք զրուցակցին, ում հետ համաձայն չեք։
– Դուք ներկայանում եք որպես լիբերալ քաղաքական ուժի անդամ, բայց չունեք մեր երկրի լիբերալ շրջանակների աջակցությունը։ Դուք լիբերալ չեք, քանի որ իրական լիբերալ լինելը ձեր պոտենցիալ ընտրազանգվածի տեսանկյունից ձեզ ձեռք չի տալիս։

Այսպիսով, որպես արձագանք Ձեր այսօրվա ելույթին, խորհուրդ եմ տալիս զբաղվել ինքնակրթությամբ։ Մենք մեր կարողությունների ու հմտությունների հարցով մի կերպ ինքներս կզբաղվենք։ Եթե կարիք ունեք, ընկերաբար առաջարկում եմ իմ և իմ կազմակերպության մասնագիտական ծառայությունները և պատրաստ եմ կամավոր կերպով ձեր թիմի համար կազմակերպել քաղաքական հաղորդակցության, առաջնորդության, փաստերի ստուգման, քաղաքական գաղափարախոսության, հանրային կապերի և մի շարք այլ հարակից թեմաներով դասընթացներ։

Ի դեպ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները վստահաբար Հայաստանում ընտրովի մարմիններից ամենահասանելին են և ամենաակտիվը, մշտապես կապի մեջ են իրենց ընտրողների և քաղաքի բնակիչների հետ, արձագանքում են նրանց կարիքներին և իրենց լծակներն օգտագործում են հանուն հանրային շահի։ Նույնն էլ Ձեզ եմ ցանկանում։

Ամենայն հարգանքով՝
Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս