X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Սրանից սենսացիա ու բացահայտում սարքելու փորձը, դասականի խոսքով ասած, սիրուն չի». Հակոբ Կարապետյան

 

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

«168 Ժամ» օրաթերթը «Երևանում վերելակները փոխվում են բնակչի գրպանի հաշվին» վերնագրով նյութ է հրապարակել, որը, սկսած վերնագրից, մի շարք մանիպուլյատիվ ու ապատեղեկացնող դրվագներ է պարունակում (ցավոք, առաջին անգամը չէ):

Սկսենք սկզբից.
 Նյութի հեղինակը, հղում անելով 2019-ի դեկտեմբերի 27-ի տվյալներին, գրում է, թե 2020-ին քաղաքապետարանը 100 նոր վերելակ կփոխարինի:

 Մինչդեռ, 2020-ի հունվարի 10-ին հայտարարվել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այդ թիվը հնգապատկվել է՝ 2020-ին կփոխարինվի 500 վերելակ: Այս՝ լայնորեն տարածված լուրը ինտերնետի դարաշրջանում դժվար էր չնկատելը: Մնում է գուշակել, թե ինչպես եւ ինչու է թեմայի վերաբերյալ ծավալուն նյութ գրող լրագրողը անտեսել այն:

 Հստակ հայտարարվել է, որ վերելակների փոխարինման ծրագիրը կիրագործվի ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ, այսինքն՝ համայնքի բյուջեից: Իսկ համայնքի բյուջեն, վերջին հաշվով, ձեւավորվում է մեր բոլորի «գրպանից»՝ քաղաքացիների վճարած հարկերի ու տուրքերի հաշվին (չհաշված պետական դոտացիաները): Բարեխիղճ լրագրողը/լրատվամիջոցը սա պետք է իմանար:

 Նյութի հեղինակը փորձում է տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանը, իբր, երբեւէ խոստացել է բնակիչներին նվիրել վերելակներ, ու իբր, հիմա հակառակն է պարզվում. «Ազնիվ կլինի, որ քաղաքապետարանը անթաքույց հայտարարի, որ բնակիչն ի՛նքն է վճարելու նոր վերելակի համար», – գրում է հեղինակը:

 Կարծում եմ, հատկապես քաղաքային կյանքը լուսաբանող լրագրողները լավ են հիշում, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դեռեւս 2019-ի մայիսին հայտարարեց, որ վերելակները, բնականաբար, պետք է փոխարինվեն բնակիչների մասնակցությամբ: Դրանից հետո, թեմայի վերաբերյալ լուսաբանումներում բազմիցս մանրամասներ են ներկայացվել բնակիչների մասնակցության հնարավոր մոդելի վերաբերյալ: Սա կարելի է ճշտել՝ օգտագործելով google-ը կամ այլ որոնողական համակարգերը:

 Հունվարին հայտարարվել է, որ այս էտապում համայնքը բյուջետային միջոցներով կփոխարինի վերելակները, իսկ արդեն փոխարինման ՀԱՋՈՐԴ ցիկլի ավարտին՝ մոտ 20 տարի հետո, փոխարինման համար կօգտագործվեն այս ընթացքում բնակիչների վճարումներից կուտակված միջոցները:

Նյութի հեղինակը վերջում ազատ ոճի մեջ ինչ-որ ֆինանսական հաշվարկներ է ներկայացնում, որոնք մեկնաբանելը, մեղմ ասած դժվար է, որովհետեւ դրանք դուրս են ողջամիտ մասնագիտական վերլուծության մասին պատկերացումներից:

Ամփոփեմ.
Հայտնի է, որ վերելակները բազմաբնակարան շենքերի բնակիչների բաժնային սեփականությունն են, այսինքն, վերելակ փոխելու ուղղակի պարտավորությունը բնակչինն է: Մոտավորապես այնպես, ինչպես տան ծորակը փոխելը տանտիրոջ խնդիրն է: Այնուհանդերձ, քաղաքային գործող իշխանությունը, բնակիչների անվտանգությունն ու կոմֆորտը կարեւորելով՝ նախաձեռնել է վերելակների այս լայնածավալ ծրագիրը, որի վերջնարդյունքում քաղաքի բոլոր հնամաշ վերելակները կփոխարինվեն:
Եվ դա կարվի մեր՝ վերելակ ունեցող շենքերի բնակիչների ու բոլոր երեւանցիների միջոցներով, որովհետեւ (ստիպված եմ կրկնել տրիվիալ միտքը) ցանկացած հանրային ծառայություն՝ սկսած փողոցների ասֆալտապատումից, կանաչապատումից, մանկապարտեզներից, տրանսպորտի ռեֆորմից, մինչեւ վերելակների փոփոխությունը, արվում է համայնքի միջոցներով՝ բնակիչների «գրպանից»՝ անկախ ընտրված ֆինանսական մոդելից: Եվ սրանից սենսացիա ու բացահայտում սարքելու փորձը, դասականի խոսքով ասած, սիրուն չի։
Կարճ ասած՝

#եղիր_տեղեկացված
#հերքիր_ֆեյքին

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս