ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ իրավաբան-գիտնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝
իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ Արդարադատության նախարարության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:
Միաժամանակ, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում՝ որպես փորձագետ կամ խորհրդատու:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը վարչապետի որոշմամբ ունենալու է 16 անդամ. հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են Արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, դատավորների ընդհանուր ժողովից 1 անդամ, 6 իրավաբան գիտնականներ, ՀԿ-ների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:

















