X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց երբեք չեմ հրապարակի». Արթուր Վանեցյան | Առավոտ

 

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը խնդրեցին փակագծեր բացել՝ ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ի՞նչ հարաբերություն է ունեցել վարչապետի ու կառավարության հետ, ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել, այդ թվում անօրինական, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «20 տարվա օպեր աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը երբեք չի պատմի իր անձնական և աշխատանքային զրույցների մասին վարչապետի հետ: Բայց, այնուամենայնիվ նշեմ, որ բազմիցս վարչապետը հրապարակայնորեն տվել է մեզ այնպիսի հանձնարարականներ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն: Կառավարության նիստին ասում էր՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները: Հանձնարարում եմ ԱԱԾ-ին տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում: Ի՞նչ սևազգեստ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին: Նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը: Ծիծաղում են՝ մարդուն բերման են ենթարկում, և նա դուրս է գալիս ու ծիծաղել: Խորհրդային միության տարիներին ռուսերեն ասում էին՝ 15 «սուտկա» տվեցին՝ ով խելոք չէր պահում: Հիմա ով իշխանությանը դեմ է խոսում, խելոք չի պահում, թող 15 «սուտկա» տան, գոնե կասենք՝ մի օրենք են ընդունել: Ի՞նչ է նշանակում՝ մարդը ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում, հասնում է տուն, թևերը ոլորում են, բերում ոստիկանություն, կես ժամ հետո բաց թողնում»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ Ձեր նկատմամբ նման քայլեր ևս կկատարվեն, Արթուր Վանեցյանն ի պատասխան հայտնեց, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե գաղտնալսման գործով որպես վկա հարցաքննվելու, նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում է ցուցմունք տվել:

«Առավոտի» հարցին՝ երբ վարչապետը Ձեր կարծիքով՝ անհեթեթ հրամաններ էր տալիս, Դուք ի՞նչ էիք ասում՝ есть, հա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Եթե ասեի есть, մինչև այսօր կշարունակեի մնալ ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլորի կողմից սիրված Վանեցյանը, ֆեյսբուքի թիվ մեկ սիրված հերոսը և չէի գնա… ես իմ ողջ ծառայության ընթացքում որևէ անօրինական հրաման չեմ կատարել: Թե ինչպես չեմ կատարել և շարունակել եմ պաշտոնավարել, այդ հարցի հասցեատերը ես չեմ. խնդրում եմ այդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս