X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հանրաքվեն կարող է անցկացվել ամենաուշը ապրիլի առաջին տասնօրյակում | Ազատություն

 

Ազգային ժողովից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ խորհրդարանի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի երեկվա որոշումը դեռ չի ուղարկել Հանրապետության նախագահին։

ԱԺ-ի կանոնակարգի համաձայն, Արարատ Միրզոյանը երեկվա որոշումը Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում: Նախագահը դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում նշանակում է հանրաքվե: Խորհրդարանից վստահեցրեցին, որ «սահմանված ժամկետում որոշումը կուղարկվի»։

Ի տարբերություն օրենքների, հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշման դեպքում Սահմանադրությունը չի նախատեսում նախագահի ստորագրման կամ դրա համապատասխանությունը Մայր օրենքին որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգ:

Նախագահը, ստանալով Ազգային ժողովի որոշումը, երեք օրվա մեջ հանրաքվե է նշանակում։ Իսկ քվեարկությունը անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: Եթե ավելի պարզ ասենք, ապա հանրաքվեն կարող է անցկացվել ամենաշուտը մարտի վերջին օրերին, ամենաուշը՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում:

Հանրաքվեի դրված հարցը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Ընտրողների թվի մասին վերջին տեղեկությունը հրապարակվել է 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին: Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության տվյալներով, Հայաստանում ընտրողների թիվը 2 միլիոն 574 հազար 916 է։ Սա իհարկե մոտավոր թիվ է, բայց եթե Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի վեց անդամների պաշտոնավարումը դադարեցման հարցը դրվի հանրաքվեի, հարցը ընդունված կհամարվի, եթե դրան կողմ լինի ընտրատեղամասեր գնացած մոտ 644 հազար ընտրող:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս