X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացնում հին ու տխրահռչակ ուժերը, որոնք ցանկանում են «ոտքերը մաքրել» առաջընթացի մեր հույսերի ու ծրագրերի վրա

 

Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից

Հայաստանյան վերջին զարգացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում հստակ ազդակներ են հաղորդում, որ մեր պետության ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ընթացքը բախվել վտանգավոր խոչընդոտների: «Ժառանգությունը»՝ իբրև 2018 թ. գարնանային հեղափոխության հիմքում ընկած արժեքների և «Նոր Հայաստանի» գաղափարախոսության հետևողական դավանորդ քաղաքական ուժ, շեշտում է, որ Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացնում հին ու տխրահռչակ ուժերը, որոնք ցանկանում են «ոտքերը մաքրել» առաջընթացի մեր հույսերի ու ծրագրերի վրա:  Եվրոպական և միջազգային գործընկեր կառույցները ուշադրություն են սևեռում գաղափարական պայքարից դեպի միջանձնային պայքարի անցման, ինչպես նաև սայթաքելու հնարավորության վրա՝ հորդորելով լիցքաթափել իրավիճակը և երաշխավորել սահմանադրության բնականոն գործունեությունը:

«Ժառանգությունը» համոզված է, որ 2015 թ. ժողովրդի կողմից մերժված, կեղծված սահմանադրությունը միանշանակ պետք է փոփոխվի քաղաքական համերաշխության մթնոլորտում՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ: Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացումն ապահովելու համար պարտադիր է իշխանության բոլոր թևերի միջև հակակշիռների գործուն մեխանիզմների և փոխվերահսկողության օրենսդրական ապահովումը:

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանության բոլոր թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը հաստատել փոխգործակցության մթնոլորտ: Գործադիր իշխանությունը բարեփոխումներն ավարտին հասցնելու լուրջ առաքելություն ունի, համախմբելու ժողովրդավարական և իրավական Հայաստանի կայացմանը հավատարիմ գործունակ բոլոր ուժերին: Այս ճանապարհին մեր անվերապահ պատրաստակամությունն ենք արտահայտում աշխատելու և գործնական քայլեր կատարելու: Թույլ չտա՛նք Հայաստանի Հանրապետությանը շեղելու «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից:

«Ժառանգությունը» նշում է, որ մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ սահմանադրությունը, որի կամքն արտահայտել է գործող իշխանությունը՝ կազմելով հանձնաժողով, դրա շնորհիվ կբարեփոխվի նաև ՍԴ-ին վերաբերող հոդվածների համախումբը: Հատվածական փոփոխությունները և հանրաքվեները հարցի հանգուցալուծման արդյունավետ ուղի չեն:

«Ժառանգություն» կուսակցություն
7 փետրվար 2020թ.
Երևան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս