Այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին խնդրահարույց հայտարարություններ է արել: Մասնավորապես, լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք, նախարարը պատասխանել է.
–Նման տվյալներ չունենք, ընդհանրապես աշխարհում էլ այս ակադեմիական դեբատը շարունակվում է` արդյոք լինում են կրկնակի վարակի դեպքեր թե ոչ: Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք:
Նախարար Թորոսյանը սակայն նաև զգուշացրեց, որ չկա ոչ մի երաշխիք, որ մեկ անգամ վարակված անձը երկրորդ անգամ չի վարակվի, ուստի անհրաժեշտ է խստորեն հետևել առողջապահական ցուցումներին:
Այստեղ տեղին է անդրադառնալ նախարար Թորոսյանի՝ 1 ամիս առաջ հնչեցրած հայտարարությանը: Մայիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում, կրկին լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր գրանցվում են, նախարարը բառացիորեն պատասխանել է.
–Դժբախտաբար գրանցվել են, այդ թվում՝ Հայաստանում:
Հանուն արդարության պետք է նշել, որ դեռևս նախորդ ամիս, որքան էլ նախարարը համոզիչ պատասխան տվեց վերոնշյալ դեպքերի առկայությանը, այնուամենայնիվ նշեց, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք դա կրկնակի վարակ է, այսիքն վարակակիր պացիենտը բուժվել և կրկին վարակվել է, թե մարդու օրգանիզմում տեղի է ունեցել վիրուսի ժամանակավոր ապաակտիվացում:
Ինչևէ, մեզ մնում է միայն ենթադրություններ անել՝ կամ նախարարի նշած ակադեմիական դեբատները այս մեկ ամսվա ընթացքում բավականին արգասաբեր են եղել՝ տալով ցանկալի պտուղներ, կամ նախարարը, պայմանավորված իր գերծանր գրաֆիկով, պարզապես մոռացել է Հայաստանում գրանցված և իր կողմից մատնանշված 3 դեպքերի մասին:
Արտյոմ Քոսակյան














