Նախատեսվում է Հայաստանում ստեղծել Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, որը կքննի կոռուպցիոն գործեր, նաև քաղաքացիական որոշակի կատեգորիայի գործեր՝ կապված ապօրինի գույքի բռնագանձման վարույթների հետ։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ –ում ստեղծել ինչպես առաջին ատյանի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, այնպես էլ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որը կվերանայի առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումները։ Այս փոփոխությունների համատեքստում նախատեսվում է Վճռաբեկ դատարանում՝ երկու պալատներում, ավելացնել հաստիքներ նոր դատավորների համար, որպեսզի նաև լուծվի ծանրաբեռնվածության խնդիրը՝ պարզաբանում է Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների մասին առցանց քննարկման ժամանակ։
Նա հստակեցնում է՝ հանրային քննարկումների ներկայացրած նախագծի նպատակը ունենալ բարեվարք և մասնագիտացված կադրեր՝ դատավորներ։ Գործընթացը հնարավորություն կտա բաց մրցութային կարգով ընտրելու այդ դատավորներին, ովքեր համապատասխան վերապատրաստում կանցնեն Արդարադատության ակադեմիայում և կլինեն մասնագիտացված։ Կստուգվեն նրանց բարեվարքությունը և մասնագիտական բարձր ունակությունները։
Փոխնախարարն ասում է, որ հակակոռուպցիոն ոլորտում ռեֆորմները կրում են շարունակական բնույթ և բխում են հակակոռուպցիոն ռազմավարությունից, ուստի ՀՀ-ում պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ և յուրաքանչյուր պատկան մարմին պետք է իր չափով պատասխանատվություն ստանձնի կոռուպցիայի դեմ պայքարում։
«Արդեն ունենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պետք է ունենանք նախաքննական պրոֆեսիոնալ մարմին հակակոռուպցիոն բնույթի գործեր քննելու համար, Դատախազությունում համապատասխան ստորաբաժանում, որը հսկողություն կիրականացնի այդ հանցագործությունների քննության նկատմամբ, և այս շրջանակը պետք է փակվի Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ։ Սա հնարավորություն կտա ունենալ առավել որակյալ հանցագործությունների քննություն»,-ասում է Գալյանը՝ նշելով, որ վերջնարդյունքում կարող ենք հավակնել արդարադատության։
Քննարկման մասնակից իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շեշտում է՝ դատարաններն ունեցել են վստահության շատ ցածր շեմ, կամ առհասարակ չեն էլ ունեցել, և այսօր էլ դեռ չունեն վստահություն։ Նրա համոզմամբ՝ մասնագետների ընտրությունը շատ կարևոր է, պետք է ընտրել մարդկանց, որոնց հնարավոր կլինի սովորեցնել, նրանք պետք է անցնեն լուրջ ուսուցման պրոցես, քանի որ համակարգը պետք է համալրվի պարկեշտ դատավորներով։ Իսկ երիտասարդ և պոտենցիալ ունեցող իրավաբաններ կան մեր իրականության մեջ։ Հին կադրերով և հին մոտեցումներով ոչ մի արդյունքի հնարավոր չէ հասնել։
Էդգար Շաթիրյանն անդրադառնում է բարեվարքության ստուգման գործընթացին։
«Այս գործիքը ներդրվել է ընդամենը վերջին ամիսներին և շարունականական կատարելագործման փուլում է։ Առանցքային դերակատարում է վերապահվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ընդ որում բարեվարքության ստուգումը լայն առումով ներառում է նաև գույքային դրության ստուգումը և առավելապես ներառում է որոշակի պաշտոնների հավակնող թեկանծուներին՝ ԲԴԽ անդամի թեկնածուներ, ՍԴ դատավորի թեկնածուներ, դատավորների թեկնածուների հավակնորդներ և այլն»,- ասում է Շաթիրյանը։
Վերջինս պարզաբանում է՝ պաշտոնատար անձինք լրացնում են օրենքին համապատասխան բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում գույքի և եկամուտների վերաբերյալ որոշակի տվյալներ ներառող բաժինը։ Բարեվարքության ստուգման գործընթացում ստուգվում է, օրինակ, անձի հնարավոր հարելը քրեական ենթամշակույթին, ստուգվում են անձի վերաբերյալ լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակումները։
Իրավաբանը ընդգծում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունի հասանելիություն նաև գաղտնիության ռեժիմի ներքո գտնվող տվյալներին (բանկային գաղտնի տվյալներին), ինչը բարեվարքության ստուգման գործընթացում առանցքային գործիքներից մեկն է։ Գործիքն արդեն կիրառվել է։ Առաջիկայում նախատեսվում է բարելավումներ այս գործընթացում։
Պատգամավոր Տարոն Սիմոնյանը ողջունում է կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, որոշ ջանքեր արդեն նկատելի են, բայց բարեփոխումներ իրականացնելիս նաև պետք է ընդհանուր դատաիրավական բարեփոխումների համատեքստում այդ ամենն իրականացնել՝ բացառելով վատ հետևանքները։ Կոռուպցիայի դեմ պայքարը ունի բովանդակային և ձևական հարթություններ, պետք է այս ճանապարհները զուգահեռաբար իրականացնել։ Նա նշում է, որ պետք է բարձրացվի հանրային վստահությունը բոլոր օղակների նկատմամբ՝ սկսած ոստիկանությունից, քննչական մարմիններից և վերջացրած դատարաններով։
Սիմոնյանն ունի նկատառումներ։ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու գաղափարը կարող է արդյունավետ համարվել, բայց նոր ինստիտուտի ստեղծումը հավելյալ ծախս է և պետք է հստակ հիմնավորվի մասնագիատցված դատարան ստեղծելու կարևորությունը։ Նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորներին առաջարկվում է այլ աշխատավարձ, որը խտրական վերաբերմունք է։
Քրիստինե Հովսեփյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…
Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…
Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…
2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…