Երբվանի՞ց է մանիպուլյացիան համարվում կարևոր տեղեկատվություն: Այսօր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը հրավիրել էր ասուլիս՝ Երևանի հանրային տրանսպորտի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն հրապարակելու համար։ Բայց ունկնդիրների՝ խորհրդավոր բացահայտման սպասումներն ի չիք դարձան, երբ պարզվեց, որ «կարևոր տեղեկատվություն» ասվածի մեխը «գազել» բառի մեջ է։
-․․․«Խոստացել են ավտոբուս բերել, բայց գազել են բերում․․․»
Ախր, պարո՛ն Խաժակյան, մի՞թե մեզ համար տրանսպորտային բարեփոխման արմատական էությունը կայանում է քաղաքի տրանսպորտային ցանցում ընդգրկված փոխադրամիջոցների մակնիշները: Բարեփոխված տրանսպորտային միջոցների համար սահմանվել են որոշակի չափանիշներ․ և մեզ՝ քաղաքացիներիս համար կարևորն այն է, որ այդ չափանիշները պահպանվեն, որպեսզի մենք ունենանք լիովին նոր որակապես բարձր փոխադրամիջոցներ։
Եվ վերջապես՝ ի՞նչ խնդիր եք լուծում՝ թիրախավորելով լսարանի այն շերտին, ով միայն «Գազել» բառից կյուրացնի «Իշխանությունը խաբեց» թեզը։
Դավիթ Խաժակյանի ասուլիսում հնչեցված պնդումների վերաբերյալ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Թիվ1-ին տված պարզաբանման մեջ նշեց․
«Մրցութային պայմանները բաց են և յուրաքանչյուրը կարող է բացել և նայել։ Ներկայացված չափորոշիչները հետևյալն են․ առնվազն՝
- եթե չես նստում, ապա պետք է կանգնես ամբողջ հասակով մեկ․
տրանպորտային միջոցը պետք է ունենա`
- ձմռանը՝ տաքացման, ամռանը՝ հովացման հնարավորություն,
- էլեկտրոնային ցուցատախտակ սրահում, որը պետք է քարտեզով ցույց տա երթուղին կամ կանգառների հաջորդականությունը,
- էլեկտրոնային ցուցատախտակ դրսից, որը պետք է ցույց տա երթուղին,
- տրանսպորտային միջոցի հատակի բարձրությունը գետնից պետք է լինի այնքան, որ ոչ թե մի քանի աստիճանով բարձրանաս՝ այլ մեկ քայլով ոտքդ դնես ավտոբուսի սրահի մեջ,
- հատուկ հարմարություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ սայլակով ներս մտնելու համար։
Եթե պարոն Խաժակյանը կարծում է, որ Երևանում առկա բոլոր գազելները, որոնք մենք սովոր ենք, վերը թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանում են, ուրեմն ո՞րն է Երևանում տրանսպորտային ռեֆորմ անելու տրամաբանությունը․ նշանակում է մենք ամեն ինչ ունենք։ Եվ քանի որ այդպես չէ՝ քաղաքային իշխանությունը ներկայացրել է նոր տրանսպորտային միջոցների չափորոշիչները։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ՝ այստեղ էական չէ, թե որ կազմակերպությունը կհաղթի, այլ էական է, որ պահպանվեն վերոնշյալ չափանիշները»։
Հարկ է նշել, որ այս ամենը վերաբերում է փոքր ավտոբուսներին, որոնք միակը չեն լինելու բարեփոխված տրանսպորտային ցանցում, և դրանք մեծ ավտոբուսների փոխարեն չեն։ Հ․ Կարապետյանը շեշտեց, որ սրանցից անկախ՝ ունենալու ենք նաև 18 և 12 մետրանոց ավտոբուսներ, որոնք նախատեսված են բրիտանական կազմակերպության կողմից ներկայացված առաջարկում։
«Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ քաղաքային իշխանության հայտարարած՝ փոքր ավտոբուսների մրցույթը մեկ կազմակերպության համար է արված, կարող են մասնագիտական ցանկացած վերլուծություն իրականացնել՝ ցանկալի է մասնագետների օգնությամբ․ կպարզվի, որ քաղաքապետարանի ներկայացրած մրցութային չափանիշների մեջ 10-յակ եվրոպական, չինական, ասիական, ամերիկյան և ռուսական կազմակերպություններ կարող են մասնակցել և մրցույթը հաղթելու հավակնություն ունենալ, որովհետև՝ նախ՝ կարող է արտադրող ընկերությունը չունենալ այդ տեսակի փոքր ավտոբուսների սերիական արտադրություն, բայց իր ունեցած շասիի վրա հավաքել պատվիրատուի ներկայացրած պայմաններին համապատասխանող շարժակազմ (տրանսպորտային միջոց)։ Այստեղ քաղաքային իշխանության համար ոչ թե ֆիրման կամ անուններն են կարևոր, այլ կարևոր է, թե ինչ տեսակի փոխադրամիջոց է ուզում»,-նշեց Կարապետյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ «Խաժակյանի ներկայացրած պնդումների զգալի մասը քաղաքական նկատառումներով են արված և մասնագիտական դաշտից բավական հեռու են։ Դրանք դիլետանտական դիտարկումներ են»։
Նվարդ Մելիքյան














