«Ամեն մի զոհի համար պատասխան են տալու»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը երեկ, իսկ այսօր հայոց հզոր բանակը թշնամուն հասցրած հուժկու հակահարվածներով հաստատեց՝ հանձնառու ենք կատարել մեր առջև դրված բոլոր առաջադրանքները։
Ցավոք, ունենք բազմաթիվ զոհեր և մոտ 200 վիրավորներ, բայց, ինչպես նկատեց Էդմոն Մարուքյանը, մեկ է՝ «արնաքամ ենք լինում», ուստի այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, քանզի մեր պայքարն արդար է, իսկ թշնամին՝ նենգ։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Թուրքիայի իշխանությունների գործուն մասնակցությամբ և խտրականություն չի դնում զինտեխնիկայի ընտրության հարցում։
Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ ադրբեջանական կողմից մարտական գործողություններին մասնակցում են 4000 գրոհայիններ, իսկ ըստ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրապարակած տեղեկությունների՝ պատերազմի երկու օրերի ընթացքում, Թուրքիան և Իսրայելը պարբերաբար ռազմամթերք են մատակարարում Ադրբեջանին՝ Վրաստանի օդային տարածքով։
Ակնհայտ է՝ թշնամին երկարաժամկետ ռազմական գործողություններ ծավալելու նպատակներ ունի, իսկ բանակցային գործընթացին վերադարձը միայն միջազգային հանրության կողմից հնչեցվող բարի ցանկություն է, որ Ադրբեջանի կողմից մնում է անարձագանք։
Ստացվում է, որ գոնե այս պահին, մի կողմում թուրք-ադրբեջանական եղբայրական դաշինքն է իսրայելական սպառազինությամբ, իսկ մյուս կողմում համայն հայությունն է՝ հայրենիքը պաշտպանելու անհաղթահարելի գիտակցությամբ, և ռազմական դաշնակցի ափսոսանքի խոսքերն են՝ զոհված մարտիկների և ծանր զրահատեխնիկայի կիրառման վերաբերյալ։
Հիրավի, միայնակ ենք թուրք – ադրբեջանական դաշինքի դեմ և գուցե մղում ենք վերջին կենաց-մահու կռիվը՝ ապահովելու համար մեր խաղաղ կյանքի իրավունքը։
Քրսիտինե Հովսեփյան