X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Եթե Թուրքիան և Ադրբեջանը շարունակեն բռնությունը, ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը տարածել է պաշտոնական հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան Արցախում շարունակվող հակամարտության մասին խոսեցի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի ընթացիկ ռազմական արշավը, ինչին աջակցում և հրահրում է Թուրքիան և որը Սիրիայից այլազգի գրոհայինների է բերել, ինչի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ և տեղահանվել է Արցախի քաղաքացիական բնակչության կեսը:

Նաև քննարկեցինք Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող հայկական պատմական եկեղեցու՝ Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ ռմբակոծումը: Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային կարգավորմանը: Մենք հավատարիմ ենք մնացել այդ քաղաքականությանը՝ նույնիսկ այն ժամանակ երբ Ադրբեջանը սկսեց անհամար հարձակումները, և նրանց ղեկավարությունը հաճախակի էր սպառնում ուժի միջոցով վերափոխել շփման գիծը:

Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են այդ սպառնալիքները, և մեր քաղաքականությունը պետք է համարժեք լինի դրան: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե իրենք, հակամարտության խաղաղ կարգավորման համար քայլեր ձեռնարկելու փոխարեն շարունակեն բռնությունը մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, և աշխատենք միջազգային հանրության հետ նույն բանին հասնելու համար:

Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող խաղաղ բնակչության նկատմամբ հախուռն ռազմական ուժի կիրառման միջոցով լուծել տասնամյակներ ձգվող տարածքային վեճը, և որ Միացյալ Նահանգներն անտարբեր չի կարող վերաբերվել նման քայլերին: Վեճի միակ հանգուցալուծումը կարող է լինել բանակցությունը, այլ ոչ թե հրթիռների և ռումբերի տարափը հայ բնակչության վրա»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս