«Ապաշնորհ կառավարումն արդեն դավաճանություն է, երբ հասկանում ես, որ ի վիճակի չես այս բարդ իրավիճակում երկիրը կառավարել, դու պարտավոր ես ուղղակի ազնիվ կանգնել հանրության առջև և ասել՝ ժողովուրդ, կներեք, չի ստացվում, ես գնամ, թող խելոք մարդիկ գան, էս պրոբլեմից մեզ հանեն»,- 5-րդ ալիքի եթերում ասել է Արթուր Վանեցյանը։
Թույլ տվեք ենթադրել, որ Արթուր Վանեցյանը, «խելոք մարդիկ» ասելով, նկատի չի ունեցել իրեն կամ մի քանի օր շարունակվող հանրահավաքների հարթակում հայրենասիրությունից կոկորդ պատռող նախկին մերժվածներին և նրանց շարքերը համալրած արբանյակներին, քանզի հենց Վանեցյանի և իր ընկեր-գաղափարակիցների խիստ ակտիվությունն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ վայելում է ժողովրդի մի մեծ հատվածի աջակցությունը։
Միանշանակ է՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների վերադարձի հնարավորությունն է, որ հասարակությունը չի կարող երևակայել անգամ պարտության և ապագայի նկատմամբ անորոշության պարագայում։
Հիրավի, հանրույթը սպասում է «խելոք մարդկանցով» կառավարության համալրման, բայց նաև պարզորոշ տեսանելի է, որ մարդկանց ընկալումներում Վանեցյանն ու իր ընկերները «պրոբլեմից դուրս հանող» խելոքները չեն, ուստի վերջինները պետք է ազնիվ լինեն իրենք իրենց հետ և հասկանան մի պարզ իրողություն՝ առնվազն այս շրջանում իշխանությանը տիրանալու բոլոր պատրանքները սին են։
Քրիստինե Հովսեփյան














