Օրը հագեցած է հրաժարականներով ու նոր նշանակումներով, որը մատնանշում է՝ իրագործվում են Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզում տեղ գտած քայլերը՝ ամրապնդելով այն միտքը, որ վարչապետը առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ։ Ավելին՝ նոր նախարարներով լծվելու է նախանշված մնացած կետերի կատարմանը, որոնցում, ոչ միայն պատերազմի հետևանքների հաղթահարման մասին է խոսվում, այլ նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման և ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մասին է հիշատակվում։
Եվ բացարձակ զարմանալի չէ, որ վարչապետը և նշանակվող թեկնածուները հարձակումների են ենթարկվում ծանր հրետանու կողմից՝ բացահայտ և ուղիղ թիրախավորմամբ։
«Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը։ Դո՛ւ պետք է հեռանաս։ Նիկո՛լ, քո նախկին համակիրները հիմա ահ ու սարսափով վախենում են իշխանափոխությունից, որովհետև մտածում են, թե նրանցից վրեժխնդիր կլինեն»,- չի հապաղել, հերթական կոչն է հնչեցրել Միքայել Մինասյանը՝ հավելելով՝ «Նիկո՛լ, գնա, որ ապրենք»։
Այլ ճանապարհով է գնացել Արթուր Վանեցյանը՝ հորդորելով բոլոր «պարկեշտ և գիտակից» մարդկանց չաշխատել Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ. «Դիմում եմ բոլոր նրանց, ում Փաշինյանը կառաջարկի պաշտոններ. ընդունելով առաջարկը՝ նույն պահին դուք դառնալու եք նրա դավաճանության համահեղինակը, դուք նրա հետ կիսելու եք պատասխանատվությունը։ Պատմության մեջ մնալու եք որպես Շուշին, Հադրութը, Մարտունու և Մարտակերտի գյուղերը, Քարվաճառի ճանապարհը, Ղազանչեցոցը, Ամարասը թուրքին հանձնած առաջնորդի կառավարության անդամ»…
Ու թեև բոլոր հնարավոր և անհնար միջոցները կիրառության մեջ են դրել ընդդիմադիրները, բայց այլևս հայտնի է, որ մի քանի նախարարություններ արդեն ունեն նորանշանակ նախարարներ։
Քրիստինե Հովսեփյան














