X
Մենք սոց. ցանցերում

Լրագրության անցյալից. Ծառուկյանի ներխուժումը «Հայկական ժամանակի» խմբագրություն | media.am

media.am | Ամենասկզբից վատ դասավորվեցին Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի փոխհարաբերությունները: Ճիշտ է, հետագայում գուցե փորձեր եղան դրանք կարգավորելու, անգամ թավշե հեղափոխության ժամանակ նրանց տեսանք ձեռք ձեռքի տված, բայց նրանց առաջին հանդիպումն ըստ երևույթին խոր հետք է թողել:

99-ի նոյեմբերի կամ դեկտեմբերի կիսամռայլ մի օր Sony Ericsson մոդելի  իմ բջջային հեռախոսով, որին կոպիտ ու դիմացկուն լինելու պատճառով «դուբինկա» էինք ասում, զանգահարեցի Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանին, հարցրի՝ ուր ես, ինչ ես անում: «Գնում եմ «Հայկական ժամանակ»,- ասաց: «Ի՞նչ կա»-, զարմացա: «Ոնց որ Ծառուկյանենք հարձակվել են Նիկոլի վրա…»: «Ո՞նց… Ինչի՞ համար»: «Դե գնամ, տեսնեմ, էլի: Արդեն մոտենում եմ»: «Ես էլ եմ գալիս»,- ասացի: «Դու էլ արի»,- պատասխանեց:

Նախորդ հոդվածներից մեկում գրել եմ, որ Նիկոլը հաճախ էր ներքաշվում սկանդալների մեջ. դա նրա տարերքն էր լրագրական գործունեության հենց սկզբից: Առհասարակ լրագրական նրա ամբողջ գործունեությունն է ուղեկցվել սկանդալներով: Այս առումով նա միշտ տարբերվել է անաղմուկ, հանդարտ, ապահով, անշառ, հնազանդ, հավատարիմ, ծառայամիտ, բարեկեցություն ապահովող լրագրությունը նախընտրող իր գործընկերներից:

…Մինչ այս պատմությունը ներկայացնելը չեմ կարող շրջանցել մեկ այլ միջադեպ, որը տեղի էր ունեցել Ծառուկյանի համապատասխան «գրոհից» ամիսներ առաջ: Միջադեպից օրեր անց, Ա1+-ի եթերում հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին, Նիկոլը պատմում է. «ԴԱՀԿ ծառության Կենտրոն համայնքի աշխատակիցը քացով բացել էր խմբագրության դուռը և իրեն ամբարտավան պահել՝ ինչ-որ որոշում հանձնելու»: «Ոտքով»,- փորձում է մեղմել Արամը: «Չէ, ոչ թե ոտքով, այլ հատկապես քացով,- պնդում է Նիկոլը…- Ինձ համար շատ վիրավորական էր, որ մեր խմբագրության աղջիկների և կանանց ներկայությամբ մեկը կարող էր մտնել և իրեն այդպես պահել: Ես իրեն ուղղակի կարգի եմ հրավիրել: Ես իրեն կարգի եմ հրավիրել իր ամբարտավան պահվածքի վերաբերյալ…»:

Արարատ Զուրաբյանին զանգելուց րոպեներ անց հասա խմբագրություն: Մեքենան  կանգնեցրի քիչ հեռու, բակում ազատ տեղ չկար՝ մի քանի շքեղ ու հսկա ջիպեր  օկուպացրել էին տարածքը, դրանց մատույցներում խմբված էին եղանակին և իրենց քշած մեքենաներին համահունչ դեմքեր:

Դուռը բացեցի ու միանգամից տեսա Նաիրա Զոհրաբյանի այլայլված դեմքը: Նա նոր էր աշխատանքի անցել «Հայկական ժամանակում», բայց իր սուր հոդվածներով արդեն հասցրել էր դառնալ ՀԺ-ի ծանր հրետանին: Ընդհանուր սենյակում նրանից բացի կային նաև մի քանի լրագրող, բոլորը՝ ակնհայտորեն հուզված ու բորբոքված: «Էս ի՞նչ ա եղել»,- հարցրի: Նաիրան իրեն բնորոշ վրդովմունքով ու ցասումով նկարագրեց, թե ինչպես են մի քանի …-ներ ներխուժել խմբագրություն, հարվածել ու կեղտոտ հայհոյանքներ տվել լրագրողներին, քաշքշել ու հրել խմբագրին, վնասել գույքը… Չեմ կարող բառացի վերարտադրել նրա նկարագրությունը, մանավանդ որ հիշողությանս մեջ մնացել են միայն չափից դուրս հյութեղ ու թունդ  որակումները:

Մնացած լրագրողները խուսափեցին ինչ-որ բան ավելացնել: Հարցրի՝ ուր է Նիկոլը: Ներսում, ասացին, ներսի սենյակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս