ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղվա գործադուլը, դասադուլն ու հացադուլը, ի վերջո, հեղափոխության արդյունքում ձևավորված, հեղափոխությունը ողջունած և դրա արդյունքում ԱԺ-ում հայտնված ուժերին հակահեղափոխական ռեվանշիստների ներկայացուցչին վարչապետի պաշտոնում ընտրել պարտադրելն է:
Ու դրանից հետո ինչ որ մեկին թվում է, թե ներքաղաքական կրքերը կհանդարտվե՞ն:
Համոզված եղեք, այդ օրը սկիզբ է դրվելու քաղաքացիական պատերազմի:
Դուք պահանջում եք, որ Հայաստանի խորհրդարանը քվեարկի հօգուտ Հայաստանի պետականության վախճանի՞:
Եթե ազնիվ եք, եթե չնչին պատասխանատվություն եք զգում հայրենի պետականության առջև, եկեք միասին պահանջենք արտահերթ ընտրություն, ընտրությունների հստակ ժամկետներ: Մնացած բոլոր ճանապարհները մահաբեր են Հայաստանի պետականության համար:
Մի՜ սպանեք համայն հայության հավաքական տունը: Թույլ տվեք, որ Հայաստանը գոյություն ունենա, ապրի և շարունակի հայրենիք մնալ:
Շատ հարգելի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունն եմ հրավիրում վարչապետի հրաժարականը պահանջող հայաստանյան և ռուսաստանահայ օլիգարխիային պատկանող մասնավոր հիմնարկների ղեկավարության կողմից, ընդհուպ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, աշխատակիցներին ստիպողաբար վաղվա հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ ինձ հասցեագրված ահազանգերի վրա:
Այսօր ակնկալում եմ, որ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ն և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միասնաբար կամ առանձին-առանձին հանդես կգան քաղաքական անհանդուրժողականությունը մերժող, իշխանությանը, ընդդիմությանը, երկու հատվածներին էլ մերժող քաղաքական ուժերին և հասարակության բոլոր շերտերին հաշտություն և համերաշխություն բերող օրակարգերով և ստեղծված իրավիճակից դուր գալու ռացիոնալ և իրագործելի ճանապարհային քարտեզով:














